Առանձնապես ծանր հանցագործությունները ավելացել են 151 %-ով. քրեածին վիճակը Հայաստանում մտահոգիչ է. «Փաստինֆո»
Հայաստանում քրեածին իրավիճակի վատթարացման միտում է նկատվում, ինչի մասին վկայում են վիճակագրական տվյալները. ոչ միայն ընդհանուր հանցավորությունն է աճել, այլեւ` ծանր և առանձնապես ծանր հանցագործություններն են շատացել։ ՀՀ գլխավոր դատախազի տարեկան հաղորդման համաձայն՝ 2022թ ՀՀ-ում գրանցված ծանր հանցագործությունների դեպքերն աճել են՝ 633-ով կամ14.2%-ով (2021 թվականին՝ 4447, 2022 թվականին՝ 5080), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ 530-ով կամ 151.4%-ով (2021 թվականին՝ 350, 2022 թվականին՝ 880):
Եթե առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճը դատախազությունը պայմանավորում էր օրենսդրական փոփոխություններով` առ այն, թե հանկարծամահության դեպքերով ևս սպանության հատկանիշներով են քրեական գործեր հարուցվում՝ նշելով, որ 530-ով ավելացած դեպքերից 484-ը հանկարծամահության դեպքերն են, ապա, միևնույն է, անձին կյանքից զրկելու կամ, այսպես ասած, բռնությամբ սպանությունների դեպքերով պատկերը եւս խիստ մտահոգիչ է, ինչն ակնառու է նաև 2023թ առաջին կիսամյակի տվյալներով։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիայի կենտրոնից «Փաստինֆո»-ին փոխանցված տվյալներից կարելի է արձանագրել, որ 2023թ առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպանության դեպքերի թիվն աճել է մոտ 50 տոկոսով։ Նկատենք՝ ոստիկանությունից խնդրել էինք փոխանցել տվյալները՝ առանց հանկարծամահության դեպքերի։ Այսպես, 2023թ․ առաջին կիսամյակում արձանագրվել է սպանության 33 դեպք, որից 7-ը կատարվել է հրազենի գործադրմամբ, 4-ը՝ կտրող-ծակող առարկայի կիրառմամբ։ Համեմատության համար նշենք, որ 2022թ․ նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպանության 22 դեպք, որից 5-ը՝ հրազենով, իսկ 6-ը կտրող-ծակող առարկայի կիրառմամբ։
ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը քրեածին նման իրավիճակը պայմանավորում է իրավապահ մարմինների գործունեության ուղղորդվածությամբ՝ միտված սպասարկելու իշխանությունների շահերն ու նրանց անվտանգությունը` հանցագործությունների նախականխմանն ուղղված աշխատանքներ իրականացնելու փոխարեն։
«Հանցագործության ընդհանուր աճը՝ չհաշված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների, իշխանությունները, դատախազությունը կարող են մեկնաբանել Քրեական դատավարության նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելով, քանի որ վերացվել է նյութերի նախապատրաստման փուլը, բոլոր ահազանգերի դեպքում անմիջապես համարվում է հարուցված, բայց դա վերաբերում է հիմնականում թեթև և միջին ծանրության հանցագործություններին։ Թեթև և միջին ծանրության հանցագործությունների թվի աճը կարելի է ինչ-որ չափով պայմանավորել նոր կարգավորումներով, իսկ ինչ վերաբերում է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի աճին, ապա դա նոր կարգավորումներով պայմանավորելը կլինի զավեշտ, որովհետև դրանք այն հանցագործություններն են, որոնցով նախկինում ևս անմիջապես քննություն էր իրականացվում,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գագիկ Համբարձումյանը՝ նկատելով, որ հանցագործությունների նախականխմամբ զբաղվողները ոստիկանության ծառայություններն են՝ համայնքային ոստիկանությամբ, օպերատիվ ծառայությամբ, քրեական հետախուզությամբ, նաև դատախազությունը, քննչական մարմինները, սակայն այդ մարմինների, հատկապես, ոստիկանության առջև խնդիր է դրված ամեն գնով, ատամներով պահել հանցագործ ռեժիմի անվտանգությունը, շահերը, ըստ այդմ, ոստիկանության աշխատանքը գնահատվում է նրանով, թե որքանով են նրանք ջանասիրաբար կատարում այդ աշխատանքները և պետական մակարդակով արդեն անտեսվում են հիմնական գործառույթները,- Այդ պայմաններում, թե նրանք ինչքան կբացահայտեն, որքանով կիրականացնեն պրոֆիլակտիկ աշխատանքով՝ կանխմամբ, նախականխմամբ՝ ոչ ոքի չի հետաքրքրում։ Եթե ծառայության աշխատակիցները՝ համայնքային, օպերատիվ, որոնք ջանասիրաբար ջարդում, գազանություն են անում ընդդմիադիրների, զոհվածի ծնողների նկատմամբ, արդեն նրանց ոչ ոք չի պատժի՝ ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների՝ սպանությունների, ավազակային հարձակումների, թմրանյութերի իրացման դեմ պայքարի հարցում իրենց թերացումների համար։ Ոչ ոք չի պատժի նրանց և հակառակը՝ այն աշխատակիցները, որոնք իրենց ջանքերը գործադրում են ռեալ հանցագործությունների դեմ պայքարի համար, բայց կթերանան հանցավոր կլանի, խունտայի շահերի պաշտպանության հարցում՝ միանգամից վիզները կոլորեն» ։
Ծանր և առանձնապես ծանր հանցագործության դեպքերի աճի մյուս պատճառը, ըստ Համբարձումյանի, պայմանավորված է հասարակական հարաբերությունների՝ միջանձնային, մարդկային, ազգային արժեքների դեգրադացմամբ։
«Ամբողջովին դեգրադացվել և հիմնազուրկ ոչնչացվում են։ Դա մյուս պատճառն է, որ շատ դեպքերում մարդկանց մոտ հանցագործություններ կատարելու վերաբերյալ, այսպես կոչված, «արգելակները» թուլանում են, հաճախ՝ ի սպառ վերանում են։ Այլ պատճառներ ևս կան, օրինակ՝ բարեկեցության, ապրուստի միջոցների ծայրահեղ բևեռացումը և այլն»,- ասաց Համբարձումյանը՝ հավելելով, որ տրամաբանական է, որ այս պայմաններում հանցավորությունն աճում է և դեռ կաճի, քանի դեռ հանցագործ ռեժիմն իշխանության է։
Հատկանշական է, որ առանց այն էլ հանցավորության աճի պայմաններում Քննչական կոմիտեն՝ ՀՀ արդարադատության նախարարության ձեռամբ առաջարկում է օրենսդրական փոփոխություններ իրականացնել՝ «գործուն զղջման» ինստիտուտը նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում կիրառելու համար։ Նշված նախագիծը բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել մասնագիտական հանրության շրջանում, մտահոգությունները՝ մի քանի հարթակներում են, նախ՝ կոռուպցիոն ռիսկեր, անպատժելիության մթնոլորտի ձևավորում, տուժող կողմի իրավունքների խախտում, խնդրահարույց կարող է լինել նաև բանակում հանցագործությունների դեպքերով այդ ինստիտուտի կիրառումը, օրինակ, դասալքության, բանակում թմրանյութերի ապօրինի շրջանառության, կանոնադրային հարաբերությունների խախտման և այլ՝ առավել ծանր հանցագործությունների դեպքում, ինչը ևս իր հերթին կարող է նպաստել հանցավորության դեպքերի աճին, իսկ բանակի պարագայում նաև պետական անվտանգության խնդրի առջև կարող է կանգնեցնել։ Մեր զրուցակիցը՝ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը, ևս այդ փոփոխությունները խնդրահարույց է համարում։
«Դա նույն հարթության մեջ է գտնվում, որով իշխանությունն օրենսդրական կարգով թույլ տվեց թմրանյութի արտադրությունը՝ արտադրական կանեփի աճեցման լույսի ներքո։ Իրենք բոլորը թմրամոլ են, կարող են փող աշխատել, օրենսդրական փոփոխություն են իրականացրել։ Նույն կերպ էլ՝ իշխանությունների նեգատիվ գործելակերպն արդեն այս նախագծի տեսքով»,- ասաց Համբարձումյանը՝ նշելով, որ նախարարության նախագիծն ընդհանրապես կապ չունի արդարադատության հետ, պատճառաբանությունը, թե դա արվում է դատարանների աշխատանքը թեթևացնելու համար՝ խայտառակ պատճառաբանություն է, անգամ՝ հիվանդ երևակայություն չէ, դիտավորություն է. «Իրենք գիտեն՝ իրենց շրջապատը, կողմնակիցները բոլոր արգելակներից զուրկ «հաբրգած» կոնտիգենտն ե, ինչ ասես նրանք են անելու, դրանով նրանց հովանավորելու խնդիր կլուծվի։ Ծանր հանցագործությունների տակ է մտնում, օրինակ, բռնաբարության դեպքերը՝ ծանրացնող հանգամանքներով, պատկերացրեք, ասում են՝ զղջում եմ և նրան պատժից կա՛մ ազատում են, կա՛մ ակնհայտ մեղմ պատիժ են նշանակում։ Նույնը՝ ավազակային հարձակումը, նաև թմրանյութերի ապօրինի իրացման հետ կապված։ Անելուց հետո ասում են՝ զղջում եմ»։
Գագիկ Համբարձումյանը կոռուպցիոն մեծ ռիսկեր է տեսնում, նշում է՝ եթե անգամ նման միտում չունեն, դա կիրառողների համար մեծ հնարավորություն է տալիս՝ լայն կիրառման համար.
«Բոլոր իրենց ոչ հաճելի՝ իրենց ընդդիմադիր կեցվածք ունեցող մարդկանց ծայրահեղ ձևով, առավելագույն պատժով կդատեն, իրենց հաճո անձանց նկատմամբ կկիրառեն դա։ Դա և՛ կոռուպցիոն ռիսկ է, և՛ հովանավորչություն է։ Այդ ԱՆ նախարարից, իր բարոյական կերպարից, որը լրիվ համապատասխանում է իր վարչապետի բարոյական կերպարին, Դուք տրամաբանական, նորմալ հանցավորության դեմ պայքարի մեխանիզմ սպասո՞ւմ էիք։ Ով սպասում էր՝ մանկամիտ մարդ է »։
Հարցին՝ արդյո՞ք այդ մեխանիզմի կիրառումը հետագայում չի կարող նպաստել նաև վենդետաների աճին, հիշատակված բռնաբարության, սպանությունների և այլ զգայուն գործերով տուժողների իրավունքների խախտման հետևանքով, փաստացի, տուժողի իրավունքները պետությունը չի պաշտպանում, Համբարձումյանը պատասխանեց.
«Իհարկե, դա կնպաստի նաև վենդետաների։ Եթե անձի դեմ ուղղված հանցագործություններով պետությունը պատժում է հանցագործին, դա ինչ-որ չափով տուժողն ընկալում է որպես իր նկատմամբ արվածի հանդեպ թեկուզ պետական մակարդակով պատիժ, եթե դա չի արվում, տուժող կողմը բավարարված չի զգում, նա արդեն իսկապես մտածելու է արդարադատությունն իր ձեռքով իրականացնելու մասին։ Մի տուժող կարող է բավարարվել ապտակով, մյուս տուժող կողմը կարող է շանսատակ անել։ Դա, իհարկե, արդարացված չէ, բայց հասկանալի է »։