«Խնամի-ծանոթ-բարեկամ» տարբերակով՝ Վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալն ընտանիքին աշխատանքի է տեղավորել իր աշխատավայրում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր իշխանությունները դեռ 2018 թվականին փաստում էին, որ վերջ է տրվելու «ԽԾԲ»-ով՝ «խնամի-ծանոթ-բարեկամ» տարբերակով պաշտոնի նշանակումներին։ 2018 թվականից, սակայն, Վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակվել է Գագիկ Գեւորգյանը, որն աշխատանքի վարձատրություն է ստացել ՀՀ վիճակագրական կոմիտեից 10 մլն 055 հազար դրամի չափով։
Իսկ նրա եղբայրը՝ Արմեն Գեւորգյանը, դարձել է Հաշվեքննիչ պալատի անդամ, որը Հաշվեքննիչ պալատից ստացել է 11 մլն 356 հազար դրամ։ Արմեն Գեւորգյանի ընտանիքի անդամները եւս աշխատանքի են անցել ՀՀ վիճակագրական կոմիտեում. նրա դուստը՝ Աննա Գեւորգյանը, ըստ հոր հայտարարագրի, աշխատում է ՀՀ վիճակագրական կոմիտեում՝ որպես «ՎՏՀ» ծրագրի ԱԸՀ որակի վերահսկող, սակայն, ըստ իր հայտարարագրի, նրա աշխատավայրը Հաշվեքննիչ պալատն է։
Գեւորգյանի հետ համատեղ բնակվող Անահիտ Օհանյանը աշխատում է իբրեւ «Ազգային վիճակագրական համակարգի ամրապնդման համար ազգային ռազմավարական ծրագրի իրականացում» ծրագրի գնումների մասնագետ եւ ստացել է 3 մլն 678 հազար դրամ՝ որպես քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ։
Հենց այսպես էլ աստիճանաբար պետական կառավարման համակարգում սերտաճում են ընտանիքների անդամները, խարխլվում է զսպումների եւ հակակշիռների համակարգը: Ստեղծվում են մենաշնորհներ, որոնք կապված են իրար հետ, եւ ղեկավարվում են մեկ գլխավոր կենտրոնից»: