Բլուա քաղաքի հայերը՝ հանուն Արցախի
Ֆրանսիայի Բլուա քաղաքի հայ համայնքն օրերս Արցախի ապաշրջափակման պահանջով ակցիա է իրականացրել: Նախաձեռնությունը Բլուա քաղաքի հայ համայնքի ղեկավար Անի Մանուկյանինն է եղել:
«Օգնեք մեզ չհավատալ, որ եկել է հոգու սովի ժամանակը», «Բացե՛ք կյանքի ճանապարհը», «Թույլ մի՛ տվեք երկրորդ ցեղասպանություն» գրություններով պաստառներով հայ համայնքի ներկայացուցիչները եղել են մի քանի պետական կառույցների առջև:
Ակցիայի մասնակիցները նաև Արցախի ապաշրջափակման պահանջով նամակներ են փոխանցել Լուար և Շեր մարզի ղեկավարին, շրջանի պատգամավորներին:
Ի դեպ, հայ համայնքի հավաքին անդրադարձել են նաև ֆրանսիական լրատվամիջոցներ։
Շուրջ 8 ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ կյանքի ճանապարհը՝ Բերձորի-Լաչինի միջանցքը, շարունակում է ապօրինաբար արգելափակված լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Արցախում 120 հազար հայեր զրկված են կենսական տարրական պայմաններից:
Ադրբեջանի կողմից իրականացվող այս գործողությունները ոչ միայն ուղղակիորեն հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, այլև արհամարհում Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու կոչերին, տարբեր խորհրդարանների կողմից ընդունված բանաձևերին և ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներին: