Թբիլիսիում մտահոգ են Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմամբ
Վրաստանին մտահոգում է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը: Ըստ վրաց փորձագետների՝ Հարավային Կովկասում ցանկացած տեսակի նոր հաղորդակցության գործարկում Վրաստանին կզրկի տարանցիկ երկրի «գլխավոր» դերից:
Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց՝ հաշվի առնելով, որ բեռը դուրս է գալու Ռուսաստանից, անցնելու է Ադրբեջանով և Հայաստանի Սյունիքի մարզով՝ դեպի Նախիջևան և հասնելու է, օրինակ, Թուրքիա, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է այդ դեպքում բեռները մտնեն Վրաստան: Հետևաբար, ըստ Զաքարեիշվիլիի՝ Վրաստանն այստեղ կկորցնի իր տարանցիկ դերը:
Կոնֆլիկտաբանը նշեց՝ որքան շատ ենթակառուցվածքներ և հաղորդակցություններ գործարկվեն Հարավային Կովկասում, այդքան լավ կլինի Կովկասի բեռնաշրջանառության համար, ինչից կարող էր օգտվել նաև Վրաստանը՝ Բաթումիի և Փոթիի նավահանգիստների ավելի ակտիվորեն օգտագործմամբ և Անակլիայի նավահանգստի ավելի արագ կառուցմամբ:
«Վրաստանն ավելի շատ կկորցնի, երբ իրականացվի Ադրբեջան-Իրան երթագծով ուղիղ բեռնաշրջանառությունը, քանի որ Ռուսաստանն արդեն աշխատում է այս ուղղության գործարկման վերականգման համար: Ռուսաստանը ֆինանսավորում է երկու տարբեր պետությունների՝ երկաթգիծը կառուցելու նպատակով: Այս երկաթգիծը Հնդկաստանից, Իրանից, Ադրբեջանից անցնում է Ռուսաստան»,- մանրամասնեց Զաքարեիշվիլին:
Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով վրացի հետազոտող Գիորգի Բիլանիշվիլին համակարծիք է Զաքարեիշվիլիին: Ըստ նրա՝ աշխարհագրորեն անհնար է պատկերացնել, որ Ադրբեջանից դուրս եկած բեռը` մտնելով Հայաստան ու Նախիջևան, կարիք ունենա օգտվելու Վրաստանի նավահանգիստներից:
«Ադրբեջանի հայտարարությունները, թե հնարավոր կլինի այս ապաշրջափակման ժամանակ նաև օգտագործել վրաստանյան նավահանգիստները, բացարձակ անհասկանալի են: Բնականաբար, այս ապաշրջափակումից Վրաստանը կտուժի, բայց թե որքանով՝ վաղ է ասել»,- «Ալիք Մեդիա»-ին ասաց Բիլանիշվիլին:
Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չինական China Global Television Network հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը քննարկում է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագիծը` վրացական նավահանգիստներում ներդրումներ կատարելու հնարավորության հետ մեկտեղ, և ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ:
Հիշեցնենք՝ Բաքուն մշտապես պնդում է, թե Երևանը պարտավորվել է Լաչինի միջանցքի օրինակով «Զանգեզուրով միջանցք» տրամադրել Ադրբեջանին, ինչն առանց մաքսակետերի տեղադրման թույլ կտա ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Երևանը նման պարտավորություն երբևէ չի ստանձնել և շեշտում է, որ պատրաստ է հաղորդակցությունների ապաշրջափակմանը, բայց հարգելով երկու երկրների ինքնիշխանությունը։
Պաշտոնական Երևանը Բաքվի առաջ քաշած «Զանգեզուրի միջանցք» պահանջը որակում է տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ և նման հարց չի պատրաստվում քննարկել՝ դա համարելով ՀՀ-ի «կարմիր գիծ»։