«Ունենք խնդիրներ՝ մարդասիրական կոնսենսուսի բացակայության հետ, միայն շարունակում ենք բուժառուների տեղափոխությունը». Զառա Ամատունի

Արդեն մոտ 8 ամիս է՝ Արցախի Հանրապետությունը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ. այսօր 229-րդ օրն է։ Հուլիսի 15-ից  որևէ հումանիտար բեռ Արցախ չի մտել, Ադրբեջանը թույլ չի տալիս։ Այս ամենի արդյունքում Արցախում արդեն մանկահասակ երեխաներ են մահացել։

Արդեն 3 օր է՝ Ադրբեջանը թույլ չի տալիս նաև, որ Արցախ մտնի Հայաստանից ուղարկված հումանիտար օգնությունը։

168.amԿարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց, թե արդյո՞ք ՀՀ-ի կողմից Արցախին ուղարկված հումանիտար բեռը տեղ հասցնելու համար որևէ քայլ ձեռնարկվել է, ի՞նչ կարող են անել հումանիտար աղետի մեջ գտնվող 120 հազար արցախահայության համար։

«Այն, ինչը կարող ենք այս թեմայի վերաբերյալ ասել, ասել ենք պաշտոնական հաղորդագրությամբ։ Ինչ վերաբերում է հումանիտար աջակցությանը, այս պահին մենք ունենք խնդիրներ՝ կապված մարդասիրական կոնսենսուսի բացակայության հետ։ Ասել ենք, որ մեզ համար անհնարին է այս օրերին մարդասիրական օգնություն, աջակցություն տրամադրելը՝ այդ կոնսենսուսի բացակայության պատճառով։ Մենք միայն շարունակում ենք բուժառուների տեղափոխությունը, սա է միակ հնարավորությունը, որը մենք ընձեռում ենք»,- նշեց Զառա Ամատունին։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է  մոտ 400 տոննա հումանիտար բեռին, որն ադրբեջանական կողմը թույլ չի տալիս հասցնել Արցախ, Զառա Ամատունին, ասաց, որ դրա նախաձեռնողը Կառավարությունն է, և Կարմիր խաչը որևէ առնչություն չունի։

«Այդ նախաձեռնությունը մեր գործունության հետ առնչություն չունի, քանի որ մեր աշխատանքի ձևաչափը հիմնական այն է, որպեսզի կարողանանք նախաձեռնել ու կազմակերպել որևէ նման գործողություն՝ ունենալով բոլոր կողմերի միաժամանակ համաձայնեցված մոտեցումը։ Բնականաբար, այս պարագայում մենք չենք կարող դրա հետ կապված որևէ առնչություն չունենալով՝ քայլեր ձեռնարկել։ Իսկ քայլերը, որոնք մենք ձեռնարկել ենք ու շարունակում ենք ձեռնարկել, դրանք, բնականաբար, վերաբերում են մեր ընթացիկ աշխատանքներին, որոնք չեն կանգնել՝ մեր հնարավորություններն ինչ-որ ձևով օգտագործել։ Այդ պահի դրությամբ արձանագրել ենք խնդիրներ, որոնց մասին բարձրաձայնել ենք։

Այս պահին Կարմիր խաչը կարողանում է տեղափոխել բուժառուներին, սակայն չի կարող հումանիտար օգնություն տրամադրել այն ծավալով, որով կարողացել է մինչև վերջին շաբաթներն անել»,- եզրափակեց Զառա Ամատունին։

Տեսանյութեր

Լրահոս