Բաժիններ՝

35-ամյա տղամարդը փորձել է հրկիզել նախկին կնոջն ու նրա ամուսնուն

Հուլիսի 24-ի ժամը 15.30-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Գարգառ գյուղի բնակիչ 36-ամյա մի կին և հայտնել, որ նախկին ամուսինը բենզինը լցրել է տան վրա, որպեսզի հրկիզի իրենց, այնուհետև քարով խփել է իր գլխին:

Ժամը 17.20-ին Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Ստեփանավան» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. «ձախ քունքային շրջանի սալջարդ, հեմատոմա, աջ սրունքթաթային հոդի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել Ալավերդի քաղաքի բնակիչ 66-ամյա մի կին:

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ ժամը 15.00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ 35-ամյա տղամարդը գնացել է նախկին կնոջ տուն, սպառնացել է, որ կսպանի, ապա տարայով բենզինը լցրել է նախկին կնոջ, նրա ամուսնու և ամուսնու 66-ամյա քրոջ վրա՝ ցանկանալով հրկիզել նրանց: Նախկին կնոջ ամուսնուն հաջողվել է նրա ձեռքից վերցնել լուցկին և դուրս հանել տնից: Բակում արդեն 35-ամյա վանաձորցին վերցնելով մի մեծ քար՝ նետել է ալավերդցի 66-ամյա կնոջ ուղղությամբ՝ պատճառելով վնասվածքներ, ապա մեկ այլ քարով խփել է նախկին կնոջ գլխին:

35-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Ստեփանավանի քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս