Եթե ճիշտ ընտրություն չկատարենք, կլինի հերթական պատերազմը. Փաշինյանը չհերքեց Ալիևին

168.amգրել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը China Media Group-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցին՝ կարծիք հայտնելով, որ այն կարող է ստորագրվել մոտ ապագայում, այնուհետև պարզաբանել է, թե ինչու է այդպես կարծում:

«Որովհետև Հայաստանը ստիպված եղավ շատ կարևոր հայտարարություն անել, որ ոչ միայն ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլև նրանք դա պաշտոնապես հաստատեցին նախորդ տարի հոկտեմբերին, իսկ այս տարվա մայիսին ՀՀ իշխանությունները հստակեցում մտցրեցին այդ հարցում, քանի որ մենք պահանջել էինք հստակ ասել, որ Ղարաբաղը ճանաչում են Ադրբեջանի մաս: Նրանք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քկմ տարածքով, ինչն իր մեջ ներառում է Ղարաբաղը և ՀՀ տարածքում ադրբեջանական 8 անկլավները: Սա, իրապես, կարևոր հայտարարություն է, ինչը մնում է ամրագրել թղթի վրա և ստորագրել: Այսինքն, Հայաստանն ասել է «Ա»-ն, որ Ղարաբաղը դա Ադրբեջան է, մնում է անցնեն «Բ» կետին և ստորագրեն այդ համաձայնագիրը»,- շեշտել է Ալիևը:

Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսի ժամանակ լրագրողներից անդրադարձել են սրան և փորձել հասկանալ՝ ո՞րն է ՀՀ-ի պատասխանը սրան, և արդյո՞ք նման փաստաթուղթ ստորագրվելու է:

Փաշինյանն այս հարցադրմանն արձագանքել է, որ ՀՀ-ն պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ այս տարվա մայիսի 14-ին Բրյուսելում և 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա: Նա նաև նշել է, թե ինչի մասին էին այդ պայմանավորվածությունները, հրապարակային հայտարարել է: Այն է՝ ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը:

«Դա պայմանավորվածություն է, դա միակողմանի գործողություն չէ: Եվ մենք այդ պայմանավորվածությունների շրջանակում պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման: Պետք չի վերցնել, որ՝ Ալիևը սա ասաց, նա ասաց: Ես վերահաստատում եմ այն բոլոր պայմանավորվածությունները, որոնց մասին տեղյակ եմ պահել ՀՀ ժողովրդին»,- շեշտել է Փաշինյանը:

Հակադարձմանը, որ Ադրբեջանը չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը, այդ դեպքում ապաշրջափակմանն առնչվող փոխվարչապետների մակարդակով հանդիպումներից ՀՀ-ն ինչի՞ չի հրաժարվում, գուցե գլոբալ խաղացողները պարտադրո՞ւմ են ՀՀ-ին,  ի պատասխան՝ Փաշինյանը հարցրեց՝ ի՞նչ ենք շահելու՝ հրաժարվելով փոխվարչապետների հանդիպումից, այնուհետև շարունակեց, որ սահմանագծումը մեզ է հարկավոր առաջին հերթին:

«Ադրբեջանին էլ է հարկավոր, բայց մեզ ավելի շատ է հարկավոր, կամ մեզ նույնքան է հարկավոր: Ինչո՞ւ է թվում, որ ինչ-որ ուրիշ ուժերի այնքան հարկավոր է սահմանագծումը, որ մեզ կարող են պարտադրել, որ սահմանագծում իրականացվի: Ո՞նց պետք է մեզ պարտադրեն, ճնշում ո՞նց եք պատկերացնում, մարդկանց թևերը ոլորո՞ւմ են: Ես ուզում եմ՝ մենք հասկանանք, որ դա մեզ հարկավոր է մեր պետությունը կոնկրետացնելու համար, մեր պետությունը լղոզվածության կարգավիճակից դուրս բերելու համար: Այդ տրամադրությունն արդեն ստեղծված է, որ խաղաղությունը մեզ պետք չի, դա ուրիշներն են մեզ պարտադրում, բանակցությունը մեզ պետք չի, սահմանագծումը մեզ պետք չի, դա ուրիշներն են պարտադրում: Իրականում մեզ ոչ ոք ոչինչ չի պարտադրում, մենք ունենք ընտրություն: Եթե ճիշտ ընտրություն չկատարենք, կլինի հերթական պատերազմը, հերթական աղետը, և ասացի՝ ինչով դա կավարտվի: Մենք այս ռիսկը պետք է կառավարենք: Սահմանագծումը վատ բան չէ»,- շարունակել է նա՝ հավելելով, որ եթե Երևանում լավ չեն պատկերացնում, թե ինչ է սահմանագծումը, ապա Կապանի բնակիչը լավ է հասկանում դրա նշանակությունը:

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը չի հերքել Ալիևի հայտարարությունը, որ 86.600 քկմ տարածքով, ինչն իր մեջ ներառում է Ղարաբաղը և ՀՀ տարածքում ադրբեջանական 8 անկլավները: Կամ՝ վերահաստատել է այս տարվա մայիսին լրագրողների հետ հանդիպմանն իր հայտարարությունը, որ «86.600 քառակուսի կիլոմետրի մեջ ներառված են նաև ադրբեջանական անկլավները, որովհետև 29.800 քառակուսի կիլոմետրի մեջ Արծվաշենը նույնպես մտնում է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս