ՌԴ-ն անհնար է համարում «հացահատիկի գործարքի» վերականգնումն՝ առանց Մոսկվայի
Ռուսաստանում անհնար են համարում «հացահատիկի գործարքի» վերականգնումը՝ առանց Մոսկվայի մասնակցության։ Հռոմում ՄԱԿ-ի պարենային համակարգերի շուրջ գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը հայտնել է, որ այդ հարցով բանակցություններ չեն ընթանում։
«Իմ կարծիքն այն է, որ առանց Ռուսաստանի դա հնարավոր չէ անել։ Հիմա հացահատիկի գործարքի վերսկսման շուրջ բանակցություններ չեն ընթանում: Մենք հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը», – ասել է Վերշինինը։
Նա հավելել է, որ հուլիսի 17-ից հետո Սևծովյան նախաձեռնությունը չերկարաձգվեց, քանի որ Ռուսաստանը դեմ էր դրան՝ հաշվի առնելով պայմանավորվածությունների իրագործումը վերջին մեկ տարվա ընթացքում։
Փոխնախարարի խոսքով՝ գործարքի երկրորդ մասը, որը նախատեսում էր Ռուսաստանից սննդամթերքի և պարարտանյութերի արտահանում, այդպես էլ չի կատարվել։
Պարենային համակարգերի շուրջ գագաթնաժողովն անցկացվում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հարթակում։ Դրա բացմանը մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Միջոցառմանը մասնակցում է 160 երկրի պատվիրակություն։