Այդ ձայնագրության հրապարակումն ինձ համար անսպասելի էր. անսպասելի էր, թե ով է այն իրականացրել և հրապարակել. Ավետիք Իշխանյան
Մինչ Արցախն արդեն 225 օր գտնվում է՝ շրջափակման, իսկ մեկ ամսից ավելի՝ արդեն կատարյալ պաշարման մեջ, մինչ արցախցի հղի կանայք թերսնումից պտղի կորուստ են ունենում, երեխաներ են մահանում, տարեցներ՝ ուշագնաց լինում, մինչ Արցախ չի մտնում կենսապահովման տարրական որևէ միջոց, ՀՀ իշխանությունները երկրի ներսում լուծում են իրենց հուզող օրախնդիր հարցերը: Մասնավորապես, հուլիսի 17-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն դարձավ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) փոխնախարար Արա Խզմալյանը: Հընթացս իշխանությունը մեծ թափով պատրաստվում է Երևանի ավագանու ընտրություններին՝ Տիգրան Ավինյանի դե ֆակտո քաղաքապետությունը դե յուրե ամրագրելու համար:
Այս հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ:
– Մատենադարանի տնօրեն դարձավ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արա Խզմալյանը, մինչդեռ աշխատակիցները կարծես թե այլ թեկնածու ունեին, Մատենադարանի աշխատակից Կարեն Մաթևոսյանը, ով մինչ ընտրությունը զբաղեցնում էր Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հաստիքը: Ինչո՞ւ իշխանությունը Մատենադարանի տնօրեն դարձրեց Արա Խզմալյանին, ի՞նչ հարց են լուծում այս ընտրությամբ:
– Ճշտենք՝ ոչ թե դարձավ կամ առավել ևս՝ ընտրվեց, այլ նախկին փոխնախարարն ուղղակի նշանակվեց այդ պաշտոնին։ Թվում է, թե Մատենադարանը պետական կառավարման մարմին չէ, ինչպես Ազգային ժողովը, կառավարությունը, դատաիրավական համակարգը, որոնք անվերապահորեն պետք է քեզ ենթարկվեն, ինչպես մտածում է Հայաստանի վարչապետ կոչեցյալը։ Բայց ոչ, նա չի պատկերացնում, որ Հայաստանում կարող է լինել որևէ հիմնարկ, կազմակերպություն, կառույց, որն իրեն չենթարկվի։ Առայժմ նա ցինիկաբար իրեն է ենթարկեցնում պետական հաստատությունները՝ բուհեր, գիտահետազոտական, մշակութային հիմնարկներ և այլն։
Այդ գործընթացը սկսվեց արդեն 2019 թվականից՝ հարձակվելով Օպերայի և բալետի թատրոնի, ապա՝ Երևանի պետական համալսարանի վրա։ Արդյունքում՝ ճանաչված արվեստաբան Կոնստանտին Օրբելյանը լքեց Հայաստանը, իսկ Համալսարանի ռեկտորի հանդեպ սկսված շինծու քրեական հալածանքները նրան հասցրեցին մահվան։
Հաջորդը Բրյուսովի անվան համալսարանի զավթումն էր, ապա «Գոյ» և «Մհեր Մկրտչյանի անվան» թատրոնների լուծարումը։ Այնպես որ, Մատենադարանն այս շարքում հերթական զոհն էր։
Կարծում եմ, որ Մատենադարանի նախկին տնօրեն Վահան Տեր-Ղևոնյանի դեմ արշավը սկսվեց, երբ ամիսներ առաջ Մատենադարանի դահլիճը տրամադրվեց քաղաքական քննարկումներ անցկացնելու համար։ Պատկերացնում եմ, թե ինչպես է կատաղել դրանից վարչապետ կոչեցյալը։ Իր նպատակին հասնելու համար նա միջոցների առաջ խտրականություն չի դնում՝ վարչական ճնշմամբ փոխել հոգաբարձուներին, իջեցնել պահանջվող գիտական ցենզը, չեղյալ հայտարարել կայացած ընտրությունը և ծայրահեղ դեպքում՝ հանձնարարել իր գրպանային քննչական մարմիններին քրեական գործեր թխել ընդդիմացողների դեմ։ Իսկ ովքե՞ր են պաշտոններին նշանակվածները։ Նրանք այն անձինք են, ովքեր արդեն իրենց հավատարմությունն են ցույց տվել իրենց տիրակալին՝ նախկին ՔՊ-ական պատգամավոր, նախկին Լեզվի տեսչության պետ և նախկին փոխնախարար։ Վարչապետ կոչեցյալին ոչ միայն բացարձակապես չի հետաքրքրում Հայաստանի գիտության, մշակույթի զարգացումը, այլև տպավորություն ունեմ, որ նա, հակառակը՝ ատելությամբ է լցված կիրթ, զարգացած մարդկանց հանդեպ։ Եվ կարծում եմ, որ նա նաև անձնական վրեժ է լուծում բոլոր նման անձանցից, անձամբ լինելով կիսագրագետ, չունենալով բարձրագույն կրթություն։ Եվ այս գործընթացը շարունակվելու է, այսպես կոչված, գիտական, մշակութային հիմնարկների և բուհերի միավորման անվան տակ։
– Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը շուտով կտրվի: Ի՞նչ սցենարով կընթանա քարոզարշավը, ինչպիսի՞ն կլինի ընտրությունների ելքը, եթե հաշվի առնենք, որ առանձնապես լուրջ դիմադրություն կարծես թե չի լինելու:
– Առաջին հայացքից, ձեր երկրորդ հարցն առաջինի հետ առնչություն չունի, բայց իրականում առաջին հարցի տրամաբանական շարունակությունն է։ Եթե վարչապետ կոչեցյալը չի հանդուրժում որևէ բուհի ղեկավարության ինքնուրույն լինելը, ապա ինչպե՞ս կարող է նա թույլ տալ, որ Երևանի քաղաքապետը լինի ընդդիմադիր գործիչ։ Նույնիսկ փոքր համայնքներում նա չի հանդուրժում ոչ ՔՊ-ական ղեկավարի։ Հիշենք, Վանաձորի հաղթած քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մինչև հիմա գտնվում է կալանքի տակ։ Վերջերս իշխանության հերթական զավթումը տեղի ունեցավ Ախուրյան համայնքում։
Շատ է խոսվում, որ վարչապետ կոչեցյալի վարկանիշն աննախադեպ անկման մեջ է։ Համոզված եմ, որ իրականում այն շատ ավելի ցածր է, զրոյականին մոտ, քանի որ շատ հարցվածներ անկեղծ չեն եղել․ «բա որ հանկարծ․․․»։ Եվ ի՞նչ, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Երևանը շուտով կունենա ընդդիմադիր քաղաքապետ։ Ինչպե՞ս կարելի է պատկերացնել, որ նա կհանդուրժի Երևանի քաղաքապետի ընդդիմադիր լինելը, որն իրականում կնշանակի հաշտվել իշխանության կորստի հետ։ Համոզված եղեք, որ 2021թ․ վարչապետ կոչեցյալի վարկանիշը հաստատ 50%-ից շատ ավելի ցածր էր, բայց գործի դրվեց ողջ իշխանական վարչական ռեսուրսը, քրեական հետապնդումները, և վստահ եղեք՝ այլ կեղծիքներ։ Այս ամենը գիտակցելով՝ ընդդիմադիր ձևացող տարբեր կեղծ, իրենց քաղաքական համարող մի քանի մարդկանցից կազմված զանազան կուսակցություններ, ինչպիսին է՝ «եվրոպական, լուսավոր, ապրելու հանրապետություն կուսակցությունր», գործում են իշխանության թելադրած խաղի կանոններով՝ լեգիտիմացնելով ընտրությունները։
Ինչ վերաբերում է իրական ընդդիմադիր ուժերին, ապա նրանց մասնակցությունն ընտրություններին կարող է ունենալ միայն մեկ արդարացում՝ միավորվել և հայտարարել, որ ընտրություններն օգտագործվելու են միայն մեկ՝ ամբողջական իշխանափոխության նպատակով, այսինքն՝ պատրաստ հետընտրական վճռական, անձնուրաց, միայն հաղթանակի համար պայքարի։ Կձևավորվի՞արդյոք այդպիսի ընդդիմադիր դաշինք։ Տեսնենք։ Հակառակ դեպքում կունենանք 2021թ․ ԱԺ ընտրություններից հետո ստեղծված պատկերը, երբ ընդդիմությունը, մասնակցելով ԱԺ ընտրություններին, փաստորեն լեգիտիմացրեց 2020թ․ խայտառակ պարտությունը։
– Ձայնագրություն հրապարակվեց այն մասին, որ Տիգրան Ավինյանի համար մարզերից Երևանում հաշվառված բնակիչների ձայների հավաքագրման ցուցակներ են կազմվում: Ակնհայտ է, որ վարչական ռեսուրսը կօգտագործվի հօգուտ Ավինյանի: Ի՞նչ կարելի է ակնկալել այս իրավիճակում:
– Այդ ձայնագրության հրապարակումն ինձ համար անսպասելի էր։ Անսպասելի էր, թե ով է այն իրականացրել և հրապարակել՝ այն անձնավորությունը, որ 2021թ․ խայտառակ ընտրությունները համարեց ազատ և արդար, որ անդամ է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի, կողմ է Արցախի ուրացմանը։
Եվ հետաքրքիր է, մի՞թե նա, ինչպես ասում են, «առյուծի սիրտ է կերել» և չի վախեցել, որ կհայտնվի ճաղերի ետևում։ Համոզված եմ, որ նա այդ խիզախ անձը չի։ Բացառում եմ, որ նա ինքնուրույն գործած լինի։ Հարց է առաջանում՝ ի՞նչն է դրդել նրան այս քայլին։ Կարող են տարբեր վարկածներ լինել։
Առաջին վարկածն այն է, որ այդ անձնավորության իրական կուրատորներն արդեն փոխել են իրենց վերաբերմունքը Հայաստանի իշխանության նկատմամբ և հանձնարարել վարկաբեկել նրան։
Երկրորդ, ամենահավանական վարկածն այն է, որ և՛ վարչապետ կոչեցյալը, և՛ արտաքին, օրինակ՝ թուրքական ուժերը հանձնարարել են վարկաբեկել Տիգրան Ավինյանին, քանի որ նա մասնակցել և ելույթ է ունեցել Նեմեսիս հուշարձանի բացմանը։
Գուցե առկա է այլ վարկած նույնպես։ Չկարծեք, թե միտք ունեմ պաշտպանելու Տիգրան Ավինյանին, բնավ՝ ոչ։ Ի՞նչ տարբերություն, թե ով կլինի վարչապետ կոչեցյալի կողմից նշանակված քաղաքապետի թեկնածուն։ Նա լինելու է բացարձակապես կամազուրկ անձնավորություն, պատրաստ լինելու կատարել իր տիրակալի ցանկացած քմահաճույք։