Մակրոնը ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովի հրավեր չի ստացել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով ավելի վաղ խնդրել էր Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանություններին հյուրընկալել իրեն օգոստոսին կայանալիք ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովին, միջոցառմանը մասնակցելու հրավեր չի ստացել։ Այս մասին հայտնում է տեղական News24 պորտալը։
Հրապարակման մեջ ասվում է, որ երկրի իշխանություններն արդեն գագաթնաժողովի 70 հրավեր են ուղարկել Գլոբալ հարավի առաջնորդներին։
«Արևմտյան երկրները, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Բրիտանիան և Ֆրանսիան, չեն հրավիրվել: Չնայած հրավեր խնդրելուն՝ Էմանուել Մակրոնն այն չի ստացել»,-ասվում է հրապարակման մեջ:
ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովը նախատեսված է օգոստոսի 22-24-ը՝ Յոհանեսբուրգում։
Հուլիսի 19-ին հաղորդվել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «փոխադարձ համաձայնությամբ» չի մեկնի Հարավաֆրիկյան Հանրապետությանում կայանալիք ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովին։