Բաժիններ՝

«Բոլոր տեղերը դիմել ենք՝ որևէ տեղից արձագանք չկա». «Հայասի Գրուպ» ընկերության աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձերը

Արդեն տևական ժամանակ է, Արագածոտնի մարզում գործող «Հայասի» ընկերության աշխատակիցները բողոքում են՝ աշխատել են գործարանում, սակայն աշխատավարձ չեն ստացել։ Այսօր ևս նրանք գնացել էին գործարանի մոտ և պահանջում էին իրենց աշխատավարձերը։

168.am հետ զրույցում գործարանի աշխատակից Խոսրով Բեզեյանն ասաց, որ գրեթե ամեն օր գալիս են գործարանի մոտ, բողոքում են, սակայն իրենց այդպես էլ որևէ մեկը չի ընդունում, ձեռնունայն վերադառնում են տուն։

«Բոլոր տեղերը դիմել ենք, սկսած մարզպետարանից, որևէ տեղից արձագանք չկա։ Մեկ անգամ է միայն մարզպետը իբր թե միջնորդել, որ գումարը փոխանցեն, մի քանի կոպեկ տվեցին ու այլևս չտվեցին։

Աշխատակիցներից մեկի աշխատավարձը 7 հարյուր հազար դրամ է, մյուսինը՝ դրանից մի քիչ ավելի կամ պակաս, տարբեր մարդիկ տարբեր չափի աշխատավարձ ունեն, բայց չեն ստացել։ Գործարանը Ոսկեվազ գյուղում է, եկել աշխատել ենք, թող մեր աշխատավարձերն ամբողջական տան։

Կարդացեք նաև

Մեր աշխատանքային պայմանագիրը լրացել է մայիսին, բայց մենք մինչև հիմա աշխատավարձի միայն մի մասն ենք ստացել»,- նշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ գործարանում տարբեր պատճառաբանություններ են բերում, ասում են՝ փոխանցումը լինի, իրենք էլ աշխատավարձերը կտան, կամ ասում են՝ մի քիչ էլ սպասեք, կտանք, ու այդպես շարունակ։

«Այդպես խաբելով՝ մեզ տուն են ուղարկում, ու այդպես բոլորիս աշխատավարձերի մեծ մասը մնում է։ Մենք մեր աշխատավարձերն ենք պահանջում, այլ բան չենք ուզում լսել։

Դե, մարդիկ կան, գյուղում աշխատանքի էին, շտապեցին, մի մասը թողեց-գնաց, մեզ հետ չմնացին ակցիային»,- ընդգծեց Խոսրով Բեզեյանը։

168.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև «Հայասի Գրուպ» ընկերության ղեկավար կազմից կամ որևէ ներկայացուցչից, սակայն հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

Տեսանյութեր

Լրահոս