«Աշոտյանի ազատազրկման ժամկետների վրա ազդեցություն է ունեցել Քննիչ հանձնաժողովի աշխատանքային գրաֆիկը». Էդգար Ղազարյան
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի խոսքով՝ վաղուց արդեն ակնհայտ է, որ Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արեմն Աշոտյանն անմեղ է և հանցանք չի գործել։ Նման եզրահանգման գալու հիմքը մինչ այժմ Քննչական կոմիտեի տված տեղեկություններն ու պարզաբանումներն են։
«Այսինքն՝ այն, ինչ ներկայացվել է, ակնհայտ է, որ դրա մեջ ոչ միայն հանցանքի տարրեր չկան, այլև հակառակը, և այն գործողությունները, որոնց մեջ փորձում են Աշոտյանին մեղադրել, Երևանի բժշկական համալսարանը դրանից նյութապես օգտվել է։ Այսինքն՝ այս գործի մեջ իրավունքի բաղադրիչ, հանցանքի տարր առհասարակ գոյություն չունի։ Հետևաբար՝ Աշոտյանը ձերբակալվել ու կալանավորվել է բացառապես իր քաղաքական գործունեության, իր հայացքների համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Էդգար Ղազարյանը՝ խոսելով Արմեն Աշոտյանի կալանավորման և այն հարցի մասին, թե ինչու հենց հիմա իշխանությունը որոշեց կալանավորել նրան։
Էդգար Ղազարյանը հիշեցրեց, որ Արմեն Աշոտյանի վերաբերյալ գործն իշխանությունը վաղուց էր հարուցել, իրավապահ մարմիններն էլ տևական ժամանակ չեն կարողացել որևէ առաջընթաց ունենալ մեղադրանքի հիմնավորման հարցում և իրենց ձախողման փուլերից մեկում հանկարծակի, առանց որևէ զարգացումների, որևէ նոր իրադարձությունների ու հանգամանքի՝ որոշեցին և ազատազրկեցին Արմեն Աշոտյանին։
«Կարծում եմ՝ ազատազրկման կոնկրետ այդ ժամկետների վրա ազդեցություն է ունեցել ԱԺ-ում Քննիչ հանձնաժողովի աշխատանքային գրաֆիկը։ Եթե հիշում եք, Աշոտյանը մի գրառում կատարեց, ասելով, որ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, գործունեությանը կանդրադառնա, սպասելով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, որպեսզի նա այդ նիստի տեղեկությունների հիման վրա, ամբողջական վերլուծություններ ներկայացնի։ Այդ հայտարարության հաջորդ օրը՝ Քննիչ հանձնաժողովից երկու օր առաջ, Աշոտյանը ձերբակալվել ու տարվել է կալանքի։ Այսինքն՝ նրա ձերբակալման ու կալանքի միակ պատճառը նրա սուր, բովանդակալից, համապարփակ վերլուծական մտքերն էին, նրա քաղաքական գործունեությունն է, որը հատկապես այս շրջանում, երբ սպասվում է նոր բրյուսելյան հանդիպումներ, Քննիչ հանձնաժողովի նիստ և այլն, այսինքն՝ այս էտապում նոր զարգացումներ են սպասվում, ուղղակի իրեն լռեցրել ու մեկուսացրել են՝ թույլ չտալով որևէ խոսքի ներկայացման հնարավորություն, ուրիշ որևէ իմաստ, տրամաբանություն՝ նրա գործի հետ կապված, գոյություն չունի»,- շեշտեց Էդգար Ղազարյանը։
Նախկին դեսպանը գործնականում բացառում է, որ դատարանի միջոցով հնարավոր կլինի հասնել Արմեն Աշոտյանի արդարացմանը, թեպետ դեռևս կան որոշ անաչառ դատավորներ։ Կյանքը ցույց է տվել, որ այդ դատավորներն այնուամենայնիվ կարողանում են չենթարկվել ռեժիմի կամքին և օբյեկտիվ, արդարադատության շահերից բխող որոշումներ կայացնել։
«Սակայն այժմյան ԲԴԽ-ի պայմաններում, արդարամիտ դատավորների նկատմամբ այդ հանիրավի բռնաճնշումների պայմաններում, նրանց թիվը գնալով նվազում է։ Նաև չեմ բացառում, որ այդ գործը ինչ-որ հրաշքով հայտնվի մի նորմալ դատավորի մոտ։ Այդ դեպքում էլ, եթե դատավորն արդարադատության շահերից բխող որոշում կայացնի, նրան անհապաղ ազատ կարձակեն։ Բայց ապավինել դրան, թե մենք ունենք հուսալի ու կայուն դատական համակարգ, նման ակնկալիքներ չենք կարող ունենալ, չէ՞ որ հենց դատարանը որոշում կայացրեց, որ Աշոտյանին կալանավորեն»,- եզրափակեց Էդգար Ղազարյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ԱԺ «հարց ու պատասխանի հետքերով արդեն ավանդական դարձած ուղիղ եթեր չի մտնի, քանզի դավաճանը նախապատրաստվում է ստի, սրիկայությունների և կեղծիքի նոր ծավալը արտաթորել ամսի 20-ին 44-օրյա պատերազմի հանգամանքները սվաղող հանձնաժողովի նիստում: Ուստի ՖԲ ուղիղ եթեր կմտնի հենց այդ օրը»։
Սակայն հաջորդ օրը՝ հունիսի 15-ին, նրան ձերբակալեցին, ապա դատարանի որոշմամբ կալանավորեցին։