«Արցախում քաոսային իրավիճակ է. ընդհանրապես չեմ վստահում Արայիկ Հարությունյանին». Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Արցախի խանութներում դժվար է հացից բացի՝ որևէ այլ բան գտնել:

«Գուցե հնարավոր լինի նաև գտնել շատ քիչ քանակությամբ տեղական արտադրության մակարոնեղեն, շատ քիչ քանակությամբ կաթնամթերք, որը չի բավականացնում բնակիչներին, միգուցե պատճառը շատ գնելն է, որովհետև այլ սնունդ պարզապես չկա: Շուտով կլինի մեկ ամիս՝ Արցախը կարողանում է գոյատևել մարդկանց տներում եղած պաշարների հաշվին, իսկ շատ-շատերը դա էլ չեն կարողացել անել՝ գումար չունենալու պատճառով: Ուղղակի այս պահին որևէ տեսակի սնունդ չկա, հազվադեպ կարելի է հանդիպել բանջարեղեն՝ շատ թանկ գներով»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ երեկվանից Արցախի կառավարությունը փորձում է կարգավորումներ մտցնել, բայց չգիտի, թե դա գործնականում ինչքանով կիրառելի կլինի:

«Կառավարությունը որոշել է հնարավորություն տալ գյուղացիներին շուկայում առանց վարձ տալու վաճառել իրենց ապրանքը, բայց տրանսպորտի չլինելու պայմաններում նոր գրաֆիկ է սահմանվել, որով շաբաթ և կիրակի օրերին երթուղայիններ չեն աշխատելու, իսկ աշխատանքային օրերի ընթացքում ընդհատումներով և ուղղակի պիկ ժամերին պետք է աշխատեն, և ես չեմ պատկերացնում՝ Ստեփանակերտի ծայրամասերից ինչպես պետք է գնան շուկա, որպեսզի կարողանան գոնե քիչ քանակության բանջարեղեն գնել: Ես ինքս չեմ պատկերացնում՝ ինչպես պետք է հասնեմ շուկա, որ բանջարեղեն գնեմ: Տեղաշարժը լրիվ պարալիզացված է Արցախում, եզակի մեքենաներ կարելի է հանդիպել քաղաքում, պաշտոնյաները վստահեցնում են, որ որոշ քաղաքացիներ իրենց խնայած բենզինն են կարողանում օգտագործել: Միջհամայնքային կապը ևս չի լինելու այն ակտիվությամբ, որ կար, և հիմնականում օգտագործվելու է, որպեսզի գյուղացիներն իրենց ապրանքը կարողանան տեղափոխել: Իրավիճակը քաոսային է, երբ դու չես կարողանում ազատ տեղաշարժվել»,- ասաց նա:

Պատգամավորի դիտարկմամբ՝ մյուս խնդիրը հստակ ինֆորմացիա չունենալն է, ինչն էլ մարդկանց մոտ երբեմն խուճապային տրամադրություններ է ստեղծում. «Այդ խուճապը ոչ թե կապված է զուտ սննդի կամ տեղաշարժի հետ, քանի որ այն միտքը, որ սա պայքարի ձև է, թշնամու պահանջներին չտրվել է, այդ առումով խուճապային չէ, և մարդկանց մեծ մասը պատրաստ է շարունակել այս կերպ ապրել, բայց չի կարողանում հասկանալ՝ այսպես ապրելու, իր սեփական երեխայի առողջության հաշվին պայքար տանելու արդյունքում արդյոք էլի ինչ-որ մեկը չի՞ կանգնի-ասի, որ այդ ամենը զուր էր»:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ Արցախում բոլորն են գիտակցում, որ այսօր թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը ունեն մեկ դաշնակից պետություն՝ Ռուսաստանը, որը, պատգամավորի խոսքով՝ ադեկվատ լուծումներ է առաջարկում. «Բոլորս հասկանում ենք, որ այս իրավիճակում խոսում ենք գոնե կարգավիճակը պահելու մասին, մինչև հնարավորություն կստեղծվի բանակցություններում ունենալ շահավետ պայմաններ»:

Մետաքսե Հակոբյանը դժգոհ է և չի վստահում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին. «Արցախի նախագահը վերջին ժամանակներում իրեն այնպես է պահում, որ կոնկրետ ես ընդհանրապես վստահություն չունեմ այդ անձի նկատմամբ, որովհետև հայտարարությունները, ուղերձները լրիվ այլ են, գործողություններն ու պահվածքը՝ լրիվ դրա հակառակը: Հայտարարություններում, ուղերձներում հայրենասիրության, պաթոսի, պոպուլիզմի պակաս ընդհանրապես չկա, նույնիսկ՝ խեղդելու աստիճանի է դա, բայց գործողությունները լրիվ դրա հակառակն են ասում: Մասնավորապես, Արցախի ԱԺ վերջին նիստում երկրի նախագահը եկել էր մեկ տարվա կատարած աշխատանքը ներկայացնելու, բայց չարեց դա, այնուհետև մեր ելույթներին ի պատասխան՝ ասաց, որ ինքը եկել էր անկեղծ զրույցի, և մենք տանում ենք քաղաքական ուղղվածության: Սա երկրի նախագահի պատասխա՞ն է: Վստահել քո սեփական անվտանգությունն այդ անձին, ընդունելի չէ: Արցախի իշխանավորները, այդ թվում՝ ԱԺ-ն, փաստում են, որ որևէ կապ, շփում Հայաստանի իշխանությունների հետ չկա, միևնույն ժամանակ Արցախի նախագահը խոսում է ակտիվ գործունեության մասին, այդ գործընթացներում իր դերակատարության մասին: Այստեղից կարելի է հանգիստ ենթադրել, որ այո, կամ ինքը տեղեկացված է ամեն ինչից, և իր այս պահվածքով ստացվում է, որ ինքը համաձայն է այդ բոլոր գործընթացներին, կամ իրեն որևէ բան չեն ասում, ուղղակի առօրյա երկու անձանց շփում է տեղի ունենում, որտեղ առօրյա բաներ են քննարկվում»:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երբ Արցախից հեռացողներին ասել էր՝ գնում եք՝ ջհանդամին գնաք, սուսուփուս հեռացեք, շատ քննարկվեց, որ նա ո՛չ ի պաշտոնե, ո՛չ էլ բարոյական առումով չի կարող նման հայտարարություն անել, քանի որ ըստ լուրերի՝ նրա երեխաներն էլ Արցախում չեն:

Մետաքսե Հակոբյանը չցանկացավ անդրադառնալ Հարությունյանի երեխաների՝ Արցախում լինել-չլինելու վերաբերյալ խոսակցություններին, բայց ընդգծեց՝ շատ է կարևորում սեփական օրինակը՝ յուրաքանչյուր պաշտոնյա պարտավոր է սեփական օրինակով ցույց տալ՝ ինչպես պետք է ապրել այս իրավիճակում Արցախում:

«Այսօր մարդիկ այնպիսի լարված իրավիճակում են, որ եթե նույնիսկ մեքենաներ են հայտնվում քաղաքում, իրենք անմիջապես ֆիքսում են համարները՝ ով է կամ ովքեր են մեքենայի մեջ: ԱԺ նիստի ժամանակ երկրի նախագահը բոլորին խորհուրդ էր տալիս, բայց դրանից առաջ պետք է սեփական օրինակով հանդես գալ: Ես ասեկոսեներով եմ տեղեկացված՝ իր ընտանիքը այստեղ է, թե ոչ, որովհետև իհարկե, ինձ համար խնդիր չէ ճշտելը, բայց ինձ ընդհանրապես հետաքրքիր չէ՝ իր ընտանիքն այստեղ է, թե ոչ, ինքը ունի պարտավորություններ, մնացածը բարոյական դաշտում են: Եթե ինքը այդպիսի արտահայտություն է անում ԱԺ-ում, թե՝ ջհանդամը գնան, և ինքը նման խնդիր ունի, դա բարոյական դաշտում է, թող դրանից հետո ինքը հանգիստ գլուխը բարձին դնի, քնի: Արցախը շատ փոքր է, այստեղ յուրաքանչյուրը մեկը մյուսի տան պատուհաններից ներս շատ հեշտ է տեսնում՝ կլինի դա երկրի նախագահը, հասարակ գյուղացի, ինքը որևէ բան չի կարող թաքցնել, և եթե խոսում են, միգուցե կա ճշմարտություն այդտեղ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս