Աշոտյանն իշխանության ամենաոխերիմ քննադատն է. դատարանը գործելու է այն հրահանգների շրջանակներում, որոնք տրվելու են գործադիրի կողմից. քաղաքագետ
Ինչո՞ւ իշխանությունը որոշեց հիմա կալանավորել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին, այս հարցի վերաբերյալ քաղաքագետ Արմեն Մինասյանն իր մեկնաբանությունը տվեց. լռեցնել իրենց ոխերիմ քննադատին:
«Նա գործող իշխանության ամենաոխերիմ քննադատն է, հատկապես՝ Հայաստանի ու Արցախի անվտանգության, Արցախի հիմնախնդրի հետ կապված հարցերում, Հայաստան-աշխարհ փոխհարաբերություններում։ Հետևաբար՝ նման քննադատին լռեցնելն օրվա իշխանության և նրանց ձեռագրի պայմաններում՝ կարծես թե օրախնդիր էր, նրանք փորձել են Աշոտյանին լռեցնել՝ կալանավորման գնալով»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Մինասյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է ՀՀ ներկայիս դատական համակարգի պայմաններում սպասել Արմեն Աշոտյանի արդարացմանը, քաղաքագետը պատասխանեց.
«Վստահ եմ, որ արդարադատության համակարգը մեծ մասամբ աշխատում է հրահանգների մեթոդաբանությամբ։ Եթե ժխտենք, հնարավոր է, եթե այնպես լինի, որ հրահանգեն, որպեսզի Արմեն Աշոտյանին բաց թողնեն, գուցե արտաքին աշխարհի ճնշման ներքո, գուցե իրենց հիմնական խնդրի վերացման արդյունքում լինի։ Սակայն մեկ բանում վստահ եմ, որ դատարանը գործելու է այն հրահանգների շրջանակներում, որոնք տրվելու են վերևից՝ գործադիրի կողմից։ Սրանում մենք համոզվել ենք այդ դեպքերով»։
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է հունիսի 15-ին, իսկ հաջորդ օրը դատարանի որոշմամբ կալանավորվեց և տեղափոխվեց «Նուբարաշեն» ՔԿՀ։



