«ՔՊ-ն գեղցի շուստրիի մտածելակերպով է շարժվում. իրականում թոշակառուներին աղքատացրել են». Նաիրի Սարգսյան

Շուրջ 10 օր է՝ Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն ազդարարում են նվազագույն կենսաթոշակը մինչև 5000 դրամով բարձրացնելու մասին, Փաշինյանի թիմակից պատգամավորները մեկը մյուսին հերթ չտալով՝ իրենց սոցիալական ցանցերի էջերում կիսվում են այս լուրով, իսկ Փաշինյանը դրա տարածման համար օգտագործում է ոչ միայն իր ֆեյսբուքյան էջը, այլ նաև Կառավարության՝ ուղիղ եթերով հեռարձակվող նիստերը։

168 TV-ի եթերում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, խոսելով, Փաշինյանի ձևակերպմամբ, Հայաստանում արձանագրված աննախադեպ իրողության՝ թոշակների՝ 4400 դրամով բարձրացնելու մասին, առաջարկեց բարձրացված թոշակներն ու նպաստները տալ Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին և առաջարկել այդ գումարով ապրել մեկ ամիս։

«Ինչ վերաբերում է զուտ թվային պատկերին, ապա 2018 թվականից մինչև այսօր Հայաստանում արձանագրվել է գնաճ՝ 30 տոկոսի չափով։ Նույն 2018 թվականից մինչև այսօր կենսաթոշակները և նպաստներն ավելացել են 15 տոկոսով, հետևաբար, պարզ հաշվարկով, թոշակառուները Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք 12 տոկոսով աղքատացել են»,- ասաց Սարգսյանը՝ ընդգծելով՝ Հայաստանի կառավարությունը տնտեսական քաղաքականություն է կառուցում մուրացկանի հոգեբանությամբ՝ առաջնորդվելով «այսօր ռուս ռելոկանտներն են փող բերում, օգտվենք դրանից, վաղը Թուրքիան կբերի, կօգտվենք դրանից» սկզբունքով։

«Գրոշներով գոյատևող մուրացկանի հոգեբանությամբ են շարժվում։ Իրականում վատ է լինելու, երբ ռուս ռելոկանտների հոսքը դադարի, ստացվում է՝ մենք արժեք չենք ստեղծում և արժեք ստեղծող և արարող սերունդ չենք դաստիարակում»,- ասաց Նաիրի Սարգսյանը։

Կարդացեք նաև

Անդրադառնալով Փաշինյանի հրապարակած մեկ այլ աննախադեպ վիճակագրության՝ իր ղեկավարած Կառավարության օրոք գրանցված աշխատողների ավելացման մասին հայտարարություններին, Սարգսյանը դրանց պատասխանեց նույն Փաշինյանի իշխանության օրոք հրապարակված վիճակագրական տվյալներով։

«Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2022 թվականին աշխատուժը եղել է 1 միլիոն 307 հազար, 2023 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ աշխատուժն ավելացել է 2300-ով։ Նույն ժամանակահատվածում գործազրկությունը 2022 թվականի ցուցանիշներով կազմել է 165 հազար 800 հարյուր, իսկ 2023 թվականի առաջին եռամսյակում գործազրկությունն ավելացել է 13 հազար 800-ով, հետևապես՝ 179 հազար 600 գործազուրկ ունեցող երկրում խոսում են աննախադեպության մասին, մինչդեռ գրանցված աշխատատեղ են համարում ռելոկանտների կողմից արված գրանցումները. եկել են Հայաստան, ընկերություն են գրանցել, գրանցել են տնօրենի անուն։ Իրականում այդ գրանցված ընկերություններից շատերն էլ չեն աշխատում»,- ասաց Սարգսյանը՝ շեշտելով՝ 2023 թվականի առաջին եռամսյակի տվյալներով 11 հազար 500 անձ աշխատանք է կորցրել և դարձել գործազուրկ, հետևապես ռելոկատների՝ Հայաստանում գրանցած ընկերությունների աշխատակցի կամ տնօրենի հաշվին թմբկահարել, թե գործազրկության մակարդակը նվազել է՝ ծիծաղելի է։

«Գեղցի շուստրիի մտածելակերպով է շարժվում առաջ, մինչդեռ իրականում թոշակառուներն աղքատացել են»,- խոսքը եզրափակեց Սարգսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս