«Այլ տեղում հող չունենք, որ գնանք մշակենք, սա էլ թողնենք թշնամու կրակոցների տակ». Հերհերի գյուղապետ

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Հերհեր գյուղը չնայած ադրբեջանական շրջափակման մեջ է ու պարբերաբար կրակոցներ են լինում, բնակիչները շարունակում են գյուղատնտեսական աշխատանքներ կատարել։

168.am հետ զրույցում Հերհերի գյուղապետ Արման Ալեքսանյանն ասաց, որ ադրբեջանական կրակոցների պայմաններում փորձում են առայժմ չմոտենալ այն հողատարածքներին, որոնք թշնամու դիտարկման տակ են։

«Այն դաշտերը, որոնք դիտարկման տակ են, դեռևս բերքահավաք չենք իրականացրել, իսկ մյուս հատվածներում շարունակում ենք բերքահավաքը։ Դե, բնականաբար, անվտանգությունից ելնելով՝ ստույգ տեղեկություններ չեմ կարող տալ, բայց մյուս հատվածներում փորձում ենք նորմալ իրականացնել բերքահավաքը»,- նշեց Արման Ալեքսանյանը։

Գյուղապետի խոսքով՝ առայժմ բերքը չեն իրացնում, միայն պահեստավորում են։

Կարդացեք նաև

«Առաջնային բերքը պահեստավորում ենք, հետո կտեսնենք, որը վաճառքի է՝ կվաճառենք, մնացած մասն էլ կպահենք։ Թեպետ այս տարի բերքն այդքան էլ շատ չէ։ Որքան հնարավոր է՝ մենք մեր բերքը պահեստավորում ենք։

Թշնամու կրակոցների ժամանակ, իհարկե, բերքահավաքը դադարեցնում ենք, հետո անմիջապես սկսում, այլ տեղում հող չունենք, որ գնանք մշակենք, սա էլ թողնենք թշնամու կրակոցների տակ։

Դաշտերի այն հատվածները, որոնք թշնամու դիտարկման տակ են, որոշ դեպքերում մշակում ենք ռուս խաղաղապահների միջամտությամբ, որոշ դեպքերում՝ առանց նրանց, նայած, թե որ ժամանակ ինչպես է հարմարվում»,- եզրափակեց Հերհերի գյուղապետը։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետությունը, արդեն 208-րդ օրն է, գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ։ Իսկ հունիսի 15-ից սկսած որևէ հումանիտար բեռ չի մտնում Արցախ. ադրբեջանական կողմը թույլ չի տալիս։

Տեսանյութեր

Լրահոս