ԵՄ-ն ունի բավարար վստահության քվե նպաստելու ԼՂ-ում և Լաչինի միջանցքում ՄԱԿ-ի մանդատով ԵՄ առաքելությունների տեղակայմանը․ Նիդերլանդներում ՀՀ դեսպան
Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը ելույթով է հանդես եկել «LINKS Europe»-ի կազմակերպած «Հարավային Կովկաս և Եվրոպական միություն․ հասցեագրելով մարտահրավերները և գնահատելով հնարավորությունները» (“The South Caucasus and the European Union – addressing challenges, seizing opportunities”) խորագրով համաժողովին:
Իր ելույթում Տիգրան Բալայանն ընդգծել է, որ ԵՄ-ն Հայաստանի առանցքային գործընկերն է բոլոր հնարավոր ոլորտներում: Նրա խոսքով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումից հետո Հայաստանը ձեռնամուխ է եղել ԵՄ հետ առկա հավակնոտ օրակարգի ի կատար ածմանը։
«Մեր գործընկերությունը խարսխված է ընդհանուր արժեքների վրա, որոնք միտված են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ամրապնդմանը, լավ կառավարմանը, օրենքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ պայքարին և ՀՀ քաղաքացիների բարեկեցությանը:
ՀԸԳՀ իրականացումը վերահսկվում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Մենք ունենք զարգացող տնտեսական համագործակցություն, ինչպես նաև ներդրումների ծավալների աճ։ Գիտամշակութային համագործակցությունը ևս մեր երկկողմ հարաբերությունների հիմնասյուներից է»,- ասել է Բալայանը։
Նրա խոսքով՝ Եվրապոլի հետ վերջերս ստորագրված համաձայնագրերով և Եվրաջասթի հետ համանման համաձայնագրի նախատոսվող կնքմամբ՝ մեկնարկում է ինստիտուցիոնալ համագործակվցություն իրավապահ համակարգերի միջև, ինչը ՀՀ-ին և նրա որդեգրած բարեփոխումների օրակարգին վստահության դրսևորումն է։
«Հունվարին անցկացրինք Հայաստան-ԵՄ առաջին բարձր մակարդակի քաղաքական և անվտանգության երկխոսությունը։ Հայաստանը մեծագույն նշանակություն է տալիս մեր գործընկերության անվտանգային բաղադրիչին»,- նշել է դեսպանը։
Նա հավելել է, որ Հայաստանը ողջունում է ԵՄ միջնորդական դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև, շնորհակալ
է ԵԽ նախագահ Շառլ Միշելին, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության թիմին՝ դեսպան Կլաարի գլխավորությամբ՝ իր հետևողական ջանքերի համար, որոնք խրախուսվում են անդամ երկրների կողմից։
«ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լավագույնն է, որ տեղի է ունեցել տարածաշրջանում՝ 2008 թվականից ի վեր, երբ համանման առաքելություն տեղակայվեց Վրաստանում։ Մենք կարծում ենք, որ ԵՄ-ն ունի բավարար վստահության քվե՝ իր հուսալի էներգետիկ գործընկերոջ հետ հարաբերություներում՝ սահմանի ադրբեջանական կողմում ևս նմանատիպ առաքելություն տեղակայելու համար, ինչպես նաև նպաստելու Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ՄԱԿ-ի մանդատով ԵՄ առաքելությունների տեղակայմանը։
Մենք կարծում ենք, որ ԵՄ միջնորդությունը պետք է ամրապնդվի ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերահսկման մեխանիզմներով և միջազգային իրավունքով, իսկ պայմանավորվածությունները չհարգելու դեպքում պետք է լինեն հետևանքներ։ Ինչպես բազմիցս ափսոսանքով արձանագրել ենք, պայմանավորվածությունները չեն պահպանվում, քանի դեռ պարզ չէ, թե ինչ կհաջորդի դրանց խախտմանը։
Այդ առումով մենք ողջունում ենք բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի՝ Եվրոպական խորհրդարանում ստանձնած հանձնառությունը՝ վերջնաժամկետ սահմանելու Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը դադարեցնելու համար։
Եզրափակելով՝ կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել նմանօրինակ միջոցառումների կարևորությունը, որոնց նպատակն է համախմբել մարդկանց, ովքեր փորձում են նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։ Ցավոք, մեր տարածաշրջանի ոչ բոլոր կառավարություններն ունեն նույն օրակարգը, բայց ես վստահ եմ, որ ԵՄ-ն, ինչպես մյուս կարող միջազգային ուժերը, իրենց իրապես վստահելի գործընկերների հետ ի զորու են փոփոխություն բերել»,- ասել է դեսպան Բալայանը։