«Ինչ-որ մեկը կասկածո՞ւմ էր, որ ՔՊ-ականը կարող է պատժվել…». Արագածավանում ՔՊ-ականին հեռացնելու ստորագրահավաքը դադարեցրել են

Արագածավանի կոմունալ վարչության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը հունիսի 7-ին գյուղում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո շարունակում է  պաշտոնավարել, իսկ նրա հեռացման պահանջով սկսված ստորագրահավաքն այս պահին դադարեցվել է։

168.am հետ զրույցում Արագածավանի բնակիչներից մեկն ասաց, որ այդպես էլ սպասում էին, որ պիտի լինի, քանի որ Սուրեն Թորոսյանի «թիկունքին» կանգնած է Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը։

«Սուրեն Թորոսյանը կրկին վերադարձել է իր պաշտոնին, իսկ մեր նախաձեռնած ստորագրահավաքը դադարեցվեց, քանի որ, գիտեք, գյուղ է, ու մարդիկ սկսեցին զբաղվել իրենց ծիրանի բերքահավաքով։ Այդ միջադեպից հետո Սուրեն Թորոսյանի մասնակցությամբ դեռ որևէ միջադեպ տեղի չի ունեցել, բայց դե, չի բացառվում, որ նման միջադեպեր լինեն։

Մեզ համար նրա պաշտոնավարումը զարմանալի չէ, քանի որ ինքը Տավրոս Սափեյանի «մարդն» է, նա է երևի բարեխոսել, որ շարունակի պաշտոնավարումը»,- նշեց մեր զրուցակիցը։

Կարդացեք նաև

168.am հետ զրույցում բնակիչներից մեկն էլ ասաց, որ բնական էր, ՔՊ իշխանության օրոք ՔՊ-ականն ինչ էլ անի, մեկ է՝ նրան իշխանությունը ներելու է։

«Ինչ-որ մեկը կասկածում էր, որ ՔՊ-ականը կարող է պատժվել, նրա թիկունքին այս վարչախումբն է, դրա համար ինչ ասես կարող է անել ու շարունակել պաշտոնավարումը»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ միջադեպն առաջացել էր այն ժամանակ, երբ ՔՊ-ականն իր մեքենան տարել է ավտոլվացման կետ, որպեսզի լվանա, առողջական որոշ խնդիրներ ունեցող աշխատակցի սպասարկումը Սուրեն Թորոսյանի «դուր չի եկել», արդյունքում հարվածել է տղային և աչքերին գազ փչել։ Այս ամենից հետո արագածավանցիները փակել էին ճանապարհը և պահանջում էին պատասխանատվության ենթարկել Սուրեն Թորոսյանին։

Միջադեպից և արագածավանցիների բարձրացրած աղմուկից հետո որոշում էր կայացվել հանցանքի կատարման հիմնավոր կասկածի հիմքով ՔՊ-ականին ձերբակալել, սակայն նա անմիջապես ազատ էր արձակվել, որի վերաբերյալ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը 168.am-ին ասել էր, որ անձին ներկայացվել է մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի առաջին մասով։

«Անձը ձերբակալումից ազատ է արձակվել, այդ հոդվածն առհասարակ կալանք չի նախատեսում, այսինքն՝ այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել, դրանով կալանքը չի կարող լինել որպես խափանման միջոց»,- ասել էր ՔԿ խոսնակը։

Տեսանյութեր

Լրահոս