Վստահեցնում եմ՝ որևէ իշխանության օրոք օրենքների և իրավունքների նման խախտումներ չեն եղել. փաստաբանները՝ օրվա խորհրդի մասին
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով, օրը դարձավ պետական տոն:
Փաստաբան Լուսինե Սահակյանի կարծիքով՝ այսօր հայաստանյան իշխանություններն ընդհանրապես չեն առաջնորդվում Մայր օրենքով:
168.am-ի հետ զրույցում փաստաբանը հիշեցրեց. «Չնայած ժամանակին իրենք էին պայքարում, թե իբրև օրենքները չեն կատարվում, որ պետք է օրենքի երկիր լինի, բայց, փաստորեն, իշխանության գալուց հետո իրենք ընդհանրապես մոռացել են այդ ամենը: Եվ այն, ինչ հիմա կատարվում է, վստահեցնում եմ՝ որևէ իշխանության օրոք օրենքների և իրավունքների նման խախտումներ չեն եղել»:
Նա հավելեց՝ եթե իշխանությունը ցանկություն չունի օրենքի սահմաններում գործել, ապա նրանց ենթարկվող բոլոր կառույցները, որոնք պարտավոր են ապահովել, որ բոլորը ղեկավարվեն օրենքով, նրանք էլ չեն գործելու:
«Իշխանությունները ոչ միայն իրենք են խախտումներ թույլ տալիս և ամեն ինչ անում են, որ օրենքով ոչինչ չլինի, այլև պայքարում են այն բացառիկ դատավորների դեմ, որոնք փորձում են ապահովել օրենքի գերակայությունը»,- նշեց Լուսինե Սահակյանը:
«Օրը Հայաստանում վաղուց արդեն խորհուրդ չունի. Սահմանադրությունն ընդամենը վեր է ածվել թղթի: Մնացած առումներով, օրվա իշխանությանը բացարձակ հետաքրքիր չէ ՝ ինչ է այդ թղթում առհասարակ գրված, ինչ է նշանակում Սահմանադրություն, ու գիտակցում էլ չկա՝ ինչ է նշանակում Սահմանադրության ոտնահարում, և որոնք են դրա հետևանքները»,- օրվա խորհրդի մասին 168.am-ի հարցադրումներին ի պատասխան՝ ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Փաստաբանը նկատեց՝ եթե ապագայում ձևավորվելիք իշխանությունը հետևություն չանի և Սահմանադրությունը ոտնահարած ֆիզիկական անձանց պատասխանատվության չենթարկի, կնշանակի, որ նոր եկողի համար էլ է դա մի թուղթ, որը պետք է միայն իշխանություն ունենալու և իշխանություն պահպանելու համար:
«Եթե չլինեն հետևանքներ այս իշխանության ոտնահարողների համար, որևէ բան չի փոխվի, որևէ բան ակնկալել նորից չենք կարողանա»,- շեշտեց նա:
Հիշեցնենք՝ երկրի Մայր օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին: