ՇՀԿ-ն արտոնյալ դիրք ունի տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու հարցում․ Ռայիսին՝ ՇՀԿ-ին Իրանի անդամակցության մասին
Իրանի Իսլամական Հանրապետությունը կարծում է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որպես զգալի հատկանիշներով և կարողություններով զարգացող կազմակերպություն, արտոնյալ դիրք ունի քաղաքականության, տնտեսության և անվտանգության ոլորտներում համագործակցությունը խթանելու հարցում: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այն բանից հետո, երբ Իրանը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) 9-րդ անդամը։
Իրանի նախագահը հույս է հայտնել, որ երկրի ներկայությունը այդ կարևոր և ազդեցիկ կազմակերպությունում հարթակ կստեղծի հավաքական անվտանգության, կայուն զարգացման, կապերի և հաղորդակցությունների ընդլայնման, միասնության ամրապնդման և երկրների ինքնիշխանության նկատմամբ հարգանքի համար առավել, քան երբևէ։
Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ին ողջունել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Իրանի վարչապետ Նարենդրա Մոդին, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, 23-րդ գագաթնաժողովի ընթացքում ՇՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց միավորման անդամ երկրների շարքեր Իրանին ընդունելու մասին։ Այդ առիթով Պեկինում կազմակերպության քարտուղարությունում տեղի է ունեցել Իրանի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը:
ՇՀԿ-ն հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 15-ին Շանհայում։ Սկզբում կազմակերպության կազմի մեջ էին մտնում վեց երկրներ՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, 2017 թվականին նրանց միացան Հնդկաստանը և Պակիստանը: