Եթե Նիկոլ Փաշինյանը երկու ամիս լռի, պատերազմի հավանականությունը զրոյական կլինի. Օսկանյան

«Այսօր լրջագույն այլընտրանք կա այն ամենին, ինչ Նիկոլ Փաշինյանն անում է: Այն օրը, որ կլսեք՝ արցախցին խոսում է Ադրբեջանի հետ, վերջ, Արցախ գոյություն չունի: Այն օրը, որ դուք կլսեք՝ այս պայմաններում, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի կողմից նման փաստաթուղթ ստորագրելուց հետո, որ արցախցիներն Ադրբեջանի հետ խոսում են, այդ օրը դուք կարող եք ասել՝ վերջ, որովհետև Ադրբեջանը կխոսի արցախցիների հետ՝ միայն որպես իր քաղաքացիներ, կասկած չունենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի»-ի վերաբերյալ խոսակցություններին, նա հետևյալն ասաց. «Ի՞նչ «Զանգեզուրի միջանցք»: Արդեն, որ Լաչինը վերցրել է, փակել է, ընդհանրապես էս թեման պետք է փակել: Լաչինը վերցնելուց հետո թույլ տալ, որ Ադրբեջանը դեռ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին խոսի՞: Սա ձեզ տարօրինակ չի՞ թվում: Բաներ կան, որ հայելային է, եթե հարց է բարձրանում, կարող ես ասել, որ այո, տրամաբանական է, Ադրբեջանն ասում է՝ Լաչինը իմ տարածքում է եղել, ԼՂԻՄ-ում էլ չի եղել, եթե թույլ եմ տալիս, դու էլ ինձ թույլ տուր: Բայց մարդը փակել է այդ ճանապարհը, ասում է՝ սա իմն է, և հիմա գալիս է, պահանջ է դնում, հայկական կողմը դա ընդունում է, դրա մասին խոսում է… Գիտե՞ք՝ դիվանագիտության մեջ մեկ-մեկ առաջին պահից հստակ դիրքորոշում արտահայտելը շատ ավելի օգտակար է, քան դիվանագիտություն խաղալը, այո-ոչ ասելը, դա շատ ավելի մեծ օգուտ կտա գործին, քան հստակ որոշ հարցերում խնդիրը դնել: Այդպիսի հարց այսօր չպետք է գոյություն ունենա»:

Խոսելով Արցախի նախագահի՝ ՌԴ նախագահին ուղղված դիմումի մասին, Վարդան Օսկանյանը նշեց, որ Արցախի իշխանությունները մի տեղ ունեն դիմելու՝ Հայաստանի ղեկավարությանը. «Արցախի իշխանությունները կարող են դիմել Պուտինին, Բայդենին, ցանկացած տեղ, դա որևէ արդյունք չի տալու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի իշխանություններն ասում են, որ Արցախը Ադրբեջան է: Ես հիմա չբացվեմ, շատ հստակ փաստեր ունեմ ականատեսների, որոնք լսել են տարբեր խոսակցություններ, որոնք հստակորեն փաստում են այն, ինչ ասացի. Այնքան ժամանակ, որ ՀՀ իշխանություններն ասում են՝ Արցախը Ադրբեջան է, այդ մարդիկ ոչինչ չեն կարող անել: Ուստի, Արայիկ Հարությունյանը մի տեղ ունի դիմելու՝ ՀՀ ղեկավարին»:

ԱԳ նախկին նախարարի խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի խոսել և խոսքին համահունչ քայլերը փորձի ձգձգել, պատերազմի հնարավորությունը շատ մեծ է. «Բայց Փաշինյանը այն պահին, որ լռի՝ մի քանի ամիս, ամեն օր որ անցնում է, նվազում է պատերազմի հնարավորությունը, և կարծում եմ, որ երկու ամսից զրոյական կլինի»:

Կարդացեք նաև

Վարդան Օսկանյանին այսօր մի հարց է հետաքրքրում՝ Արցախը չենք կարող կորցնել, այն երբեք Ադրբեջան չի եղել. «Խնդրում եմ՝ մեր պատմությանը ծանոթացեք, դա մեր հողն է, մեր ջուրն է, մեր արյունն է, մեր հայրենակիցներն են: Սա պետք է լինի տրամաբանությունը: Արցախը չի կարելի կորցնել, և դրա հնարավորությունը կա՝ առանց պատերազմ հրահրելու: Թող չփորձեն ժողովրդին թյուրիմացության մեջ գցել: Այս ձևով, ինչ իրենք են անում, մենք կարող ենք և՛ պատերազմ ունենալ, և՛ Արցախը կորցնել»:

Նա շեշտեց՝ առաջարկվող լուծումը ժողովուրդներին խաղաղություն չի կարող բերել. «Հաշվի առնելով մեր անցած ճանապարհը, աշխարհում այլ տարբեր նման գործընթացները, խնդիրները, միջազգային հանրությանը պետք է ասել՝ եկեք այսօր ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատենք և գնանք այնպիսի լուծման, որը կբերի հարատև կայուն խաղաղություն: Չկա միջազգային հանրությունում ղեկավար, որը սա չի կարող ընկալել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս