«Եղել է մի փուլ, երբ Ղարաբաղի հետ ոչ միայն հաշվի էին նստում, այլև քննարկում էին՝  5 շրջանը տվեք, 2-ը մնա ձեզ. Այսօր հաշվի չեն նստում». Արայիկ Հարությունյան

Հունիսի 29-ին Արցախի Հանրապետության ԱԺ-ում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, հանդիպումը տեսագրվել է և տարածվել երեկ երեկոյան։ Պատգամավորների հարցերի մեծ մասը վերաբերել է Արցախում ստեղծված իրավիճակին։

«Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն Արայիկ Հարությունյանից հետաքրքրվել է, թե կա՞ ճնշում, որն իրեն կարող է ստիպել ընդունել երկխոսության առաջարկը՝ փաստացի Հայաստանի ու Ադրբեջանի առաջարկած ձևաչափով։

«Նիկոլ Փաշինյանի հակաարցախյան հայտարարություններից հետո, նաև ԵԽԽՎ նախագահի ասածից հետո, այն, որ Արցախը դիտարկում է՝ որպես Ադրբեջանի մաս, ստացվում է, որ մեր ինքնորոշման  իրավունքի թեման կարծես թե ամբողջությամբ մերժված է և այն օրակարգ բերելու ողջ բեռն ըստ էության ընկած է  Արցախի իշխանությունների վրա»,- նշեց  Մետաքսե Հակոբյանը։

Պատասխանելով հարցին՝ Արայիկ Հարությունյանը մասնավորապես ասաց.

Կարդացեք նաև

«Ինձ վրա մի ճնշում կարող է լինել, և դա ժողովրդի ճնշումն է, որիշ ճնշում չկա և չի էլ կարող լինել՝ ո՛չ գերտերությունների, ո՛չ Հայաստանի իշխանությունների, և ոչ էլ քաղաքական ուժերի, խմբերի, անձանց, ոչ որևէ մեկի կողմից։ Ճնշում կարող է լինել մի դեպքում, եթե լինի ժողովրդի կողմից ճնշում, այսինքն՝ ժողովրդի տրամադրությունները։ Այստեղ գալիս է հետևյալ խնդիրը, թե որքանով ենք մենք նպաստում, որպեսզի ժողովուրդը…

Նպատակներին հասնելու համար կարող են տարբեր քայլեր լինեն, տակտիկական, բայց մեր բոլորի ստրատեգիան պետք է նույնը լինի, և այդ քայլերի քննարկման համար իրականում պետք է ունենանք երկխոսություն»։

Արցախի նախագահն ընդգծեց, որ հարգում է  բոլոր կարծիքները, սկսած նրանից, որ ոմանք ասում են՝ գնանք Բաքու հանդիպման, ոմանք՝ գնանք այլ ձևաչափով հանդիպման, և այլն։

«Մենք պետք է աշխատենք, որ հասարակությունը գոնե հասկանա,  եթե 10 օր հետո շաքարավազ չլինի, շուկայի աշխատող կանայք չգան ու չասեն՝ բա վերջն ի՞նչ է լինելու։ Ժողովուրդ, մենք մեզ համար պետք է որոշում կայացնենք՝ մեզ համար գլխավոր նպատակը շաքարավազ ունենա՞լն է, թե՞ իրականում մեր նպատակին հասնելը։ Եթե մեր նպատակին հասնելն է, այո, մենք կրելու ենք զրկանքներ։ Եթե ասում եմ՝ ձմռանը գազ չի լինելու, ժողովուրդը չի քննարկում, թե նախագահն ինչ ասեց, չեմ ուզում խաբել, ուզում եմ այս տեղեկատվությունը բացել։ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, ճնշելու է, որպեսզի հասարակությանը պառակտի, որպեսզի շուկայում աշխատող կանայք գան-ասեն՝ բա վերջն ի՞նչ է լինելու։ Վերջը, ժողովուրդ, լավ է լինելու։ Մեր ինքնորոշման իրավունքը կախված է  լինելու մեզանից։ 1988 թվականին շարժումը սկսել ենք, գլխներիս տվել են՝ ԽՍՀՄ-ը, դրանից հետո դիմադրել ենք, կրել ենք զրկանքներ, իրավիճակը նպաստավոր է եղել, պատերազմական գործողությունների արդյունքում  կարողացել ենք հաջողություն արձանագրել։

Եղել է մի փուլ, երբ Ղարաբաղի հետ ոչ միայն հաշվի էին նստում, այլև քննարկում էին՝  5 շրջանը տվեք, 2-ը մնա ձեզ։ Այսօր հաշվի չեն նստում, որովհետև մենք պատրաստ չենք, մենք զրկանքներ կրելը համարում ենք մեզ համար կործանարար, ոչ, կործանարար չէ։ Այո, մեծ զրկանքներ կրելով, մենք մեր ինքնորոշման իրավունքը պետք է հասցնենք իր վերջնական նպատակին, այլ ելք չունենք, մեր ինքնորոշման իրավունքը ոչ մի անձ ու միջազգային կառույց չի կարող կասկածի տակ դնել։ Այդ իրավունքը կա, և որևէ մեկը չի կարող զրկել մեզ դրանից»,- եզրափակեց Արայիկ Հարությունյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս