Վավերացվել է ՌԴ-Աբխազիա «երկքաղաքացիության» համաձայնագիրը
Ռուսաստանի պետդուման վավերացրել է Ռուսաստանի և Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի միջև «երկքաղաքացիության» համաձայնագիրը, aliq.ge-ի փոխանցմամբ՝ գրել է BusinessPressNews-ը:
Ի դեպ, համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի սեպտեմբերի 27-ին Մոսկվայում։ Փաստաթղթի համաձայն, «մի երկրի քաղաքացիներն իրավունք ունեն ձեռք բերելու մեկ այլ երկրի քաղաքացիություն՝ առանց իրենց քաղաքացիությունից հրաժարվելու»:
Համաձայնագիրը նաև նախատեսում է երեխաների «քաղաքացիության» կարգը։ Մասնավորապես, մինչև 14 տարեկան երեխաների քաղաքացիությունը որոշվում է ծնողների քաղաքացիությամբ՝ պայմանով, որ երեխան չպետք է մնա առանց քաղաքացիության։
Երկու «երկրների քաղաքացիները» կօգտվեն սոցիալական ապահովության, կրթության և բժշկական ծառայությունների իրավունքից՝ համաձայն այն «երկրի օրենսդրության», որի տարածքում նրանք մշտապես բնակվում են։
Դրանից բացի, կողմերը միմյանց կտրամադրեն տեղեկատվություն Ռուսաստանի և Աբխազիայի «երկքաղաքացիություն» ունեցող այն անձանց մասին, որոնք կստանան երրորդ երկրի քաղաքացիություն կամ օտարերկրյա պետությունում մշտական բնակության իրավունքը հաստատող փաստաթուղթ։