Երկրորդ կապիտուլյացիան են ստորագրում, անունը դնում՝ խաղաղության պայմանագիր. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներից, ասաց, որ բոլոր առումներով բարդ ժամանակահատված է, և այդ բարդություններն առաջին հերթին պայմանավորված են և շարունակում են պայմանավորված լինել արտաքին գլոբալ զարգացումներով և աշխարհակարգային փոփոխություններով։

«Աշխարհում տեղի է ունենում ռազմաքաղաքական ուժերի նոր հավասարակշռության փնտրտուք։ Այս առումով, բնականաբար, մեր տարածաշրջանում առաջիկայում էլ ավելի ծանր ու բարդ զարգացումներ կարող են տեղի ունենալ՝ պայմանավորված տարածաշրջանային երկրների բախումներով, նաև աշխարհաքաղաքական այնպիսի զարգացումներ, որոնք մեր երկրում կամ դրա շուրջ կբերեն շահերի բավականին կենսական բախումներ։

Ավելի պարզ ասած՝ ՀՀ իշխանությունները՝ սեփական օրակարգ չունենալով, թշնամական օրակարգ սպասարկելով, առևտրի ու շահարկումների զոհասեղանին են դրել Արցախի, Հայաստանի սահմանամերձ շրջանների, ինչպես նաև ՀՀ սուբյեկտայնության ճակատագիրը։ Այս իրավիճակում պատկերացրեք, թե քանի զուգահեռ գործընթացներ թվարկեցի, որոնք մեկը մյուսով ինչպես պայմանավորված են, այնպես էլ պայմանավորված չեն»,- նշեց Արտակ Զաքարյանը։

Նրա խոսքով՝ այս զարգացումներում Հայաստանը շարունակում է կորուստներ ունենալ, այնինչ զարգացումներում միշտ չէ, որ կարող են կորուստներ լինել, եթե երկրի ղեկավարությունը քաղաքականապես ու բարոյապես նորմալ է՝ դավաճան, մորթապաշտ, օտարի օրակարգը սպասարկող չէ։

Կարդացեք նաև

«Ինչպես բազմիցս ասել ենք, նման զարգացումներում սրանք նոր պատերազմի համար դուռ ու լուսամուտ են բացում, որովհետև մի պատերազմը ձախողեցին ու, ըստ իրենց՝ մարսում են, չնայած խորապես համոզված եմ, որ չեն մարսելու։

Արցախը գտնվում է շրջափակման մեջ, պետք է ապաշրջափակել, այլապես սրանց լուռ համաձայնությամբ Արցախի ապաշրջափակումը տեղի կունենա ոչ թե արևմտյան կողմից, այսինքն՝ դեպի Հայաստան, այլ արևելյան կողմից՝ դեպի Ադրբեջանը, ինչը բերելու է շատ տխուր հետևանքներ։ Թուրքական աշխարհն առիթը բաց չի թողնելու այս հարցը մեկընդմիշտ լուծելու։ Սրանք երկրորդ կապիտուլյացիան են ստորագրում, անունը դնում՝ խաղաղության պայմանագիր»,- շեշտեց Արտակ Զաքարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս