ՄԻՊ Անահիտ Մանասյանն այդպես էլ հստակ չասաց՝ Արմեն Աշոտյանին համարո՞ւմ է քաղբանտարկյալ

ՄԻՊ Անահիտ Մանասյանի փոխանցմամբ՝ երբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորել են, ինքը Վիեննայում գործուղման է եղել, բայց իր հանձնարարությամբ նրան այցելել են աշխատակազմի ներկայացուցիչները։

«Պարոն Աշոտյանն ըստ էության պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չի ներկայացրել, նրա հիմնական մտահոգությունները վերաբերել են գործին վերաբերելի հանգամանքներին և գործի քննությանը վերաբերելի հանգամանքներին, ինչպես նաև իր խափանման միջոցին։ Այդ բոլոր հանգամանքները մենք ըստ էության արձանագրել ենք, փաստաթղթավորել ենք։ Նաև մշտապես կապի մեջ են եղել աշխատակազմի ներկայացուցիչները պարոն Աշոտյանի փաստաբանի հետ։ Այդ հարցի հետ կապված պարզաբանումներ ստանալու վերաբերյալ մենք արդեն իսկ գրություններ ենք ուղարկել համապատասխան իրավասու մարմիններին։ Պարզաբանումները ստանալուց հետո, արդեն կորոշենք ՄԻՊ-ի և ՄԻՊ աշխատակազմի հետագա գործողությունները»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անահիտ Մանասյանը։

Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Արմենը Աշոտյանը քաղաքական հետապնդման չի ենթարկվում, ինչին ի պատասխան՝ նա ասաց.

«Մեզ համար շատ կարևոր է, թե քաղաքացին ինչ մտահոգություններ ու դիրքորոշումներ է ներկայացնում, բայց նաև շատ կարևոր է հասկանալ մյուս կողմի՝ այսինքն՝ պետական մարմնի դիրքորոշումը հարցի վերաբերյալ։ Միայն դրա համադրման միջոցով է հնարավոր լինում, որ մենք կարողանում ենք եզրահանգում իրականացնել հարցերի վերաբերյալ։ Դա է պատճառը, որ ես կխնդրեմ, որպեսզի մենք սպասենք նաև պարզաբանումներին, համադրենք այդ ամենը, որից հետո հասկանանք, թե մանդատի շրջանակներում ինչ հնարավոր գործողություններ կարող ենք իրականացնել»։

Կարդացեք նաև

Լրագրողները նաև այլ կերպ ձևակերպեցին հարցը՝ հարցնելով, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, Անահիտ Մանասյանը պատասխանեց, որ այս հարցին մշտապես պատասխանում է ու մշտապես մեջբերում նույն չափանիշները։

«Քաղբանտարկյալ լինելու համար պարտադիր է ոչ միայն այն հանգամանքը, որ քաղաքական, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ զբաղվես, այլ շատ կարևոր է, որ այն քրեական վարույթը, որն առկա է՝ լինի բացառապես այն պատճառով, որ դու քաղաքական գործունեությամբ ես զբաղվում։ Հիմա Հայաստանում մենք ունենք մի շարք վարույթներ, որտեղ առկա են և այդ գործերով անցնում են անձինք, որոնք զբաղվում են քաղաքական գործունեությամբ։ Սա դեռ չի նշանակում, որ նրանք քաղբանտարկյալներ են։ Բայց սա նշանակում է, որ մենք այս գործերի հետ կապված պետք է շատ ուշադիր լինենք, որովհետև պետությունը, իրավասու մարմինները պետք է շատ ուշադիր լինեն առաջին հերթին այն հանգամանքի նկատմամբ, որ եթե նույնիսկ այս գործով անցնող անձն իրավական տեսանկյունից որևէ արարք է կատարել, բայց նրա հետ հավասար նաև այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք ևս թե հանցավոր, թե դատապարտելի այլ արարքներ են կատարել, նրանք ևս պատասխանատվության ենթարկվեն»,- եզրափակեց Անահիտ Մանասյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս