Բաժիններ՝

ՊԵԿ-ը բացահայտել է ապօրինի հանքարդյունահանման դեպք. նախաձեռնվել է քրեական վարույթ

ՊԵԿ-ը բացահայտել է, որ Արարատի մարզի Սիս գյուղի վարչական տարածքում` դաշտամիջյան ճանապարհի և դրենաժային առվի միջնամասում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքում, «Կ. Նարեկ» ՍՊ ընկերությունն իրականացնում է ավազի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանում:

Պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պարզվել է նաև՝ տվյալ տարածքում ավազակոպճային խառնուրդի արդյունահանում իրականացնող ընկերությունը ՀՀ տարածքում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման, մասնավորապես, ավազակոպճային խառնուրդի արդյունահանման թույլտվություն չունի և երբևէ չի էլ ունեցել

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ձեռք բերված տեղեկությունների բազմակողմանիությունը և լրիվությունն ապահովելու նպատակով՝ վարչության աշխատակիցները համագործակցել են նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ: Վերջիններիս կողմից իրականացրած չափագրման արդյունքում պարզվել է, որ 6554 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքից տեղահանվել է 14689 խորանարդ մետր ծավալով ավազանման լեռնային զանգված: Տվյալ գործունեության արդյունքում դեգրադացվել է 12293 քառակուսի մետր մակերեսով տարածք:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիմքով` առանց թույլտվության ընդերքի բնական պաշարներն օգտագործելու համար, կազմվել է արձանագրություն, որի հիմքով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն հարուցվել է վարչական վարույթ: Կազմված արձանագրությունը և կից նյութերն ուղարկվել են ՊԵԿ Իրավաբանական վարչություն` անձի վարչական պատասխանատվության հարցը քննարկելու համար:

Միաժամանակ, դեպքի առթիվ կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, որը կազմել է շուրջ 36 միլիոն 763 հազար դրամ:

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս