«Երբ երկու տարի անտրուսիկ մնացած ինչ-որ մեկն ասում է, որ այսօր ընդդիմությանը ծեծելու օրը չէ…». Նաիրա Զոհրաբյան

«Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն այն կարծիքին է, որ Արցախի հարցում լուծումը մեկն է՝ թիվ մեկ բանակցողի փոփոխություն:

«Մենք հասել ենք անդառնալիության կետին. Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը թիվ մեկ բանակցողն է, Արցախի մասին այլևս խոսք չկա, քանի որ Պրահայում Նիկոլն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, և այդ մասին մի քանի օր առաջ հայտարարեց Ժոզեպ Բորելը՝  նշելով, որ Փաշինյանը Հայաստանի ղեկավարն է, որը Արցախը ճանաչել է՝ որպես Ադրբեջանի մաս: Դա նաև հաստատեց նրանից առաջ Ալիևը՝ ասելով, որ Նիկոլը Հայաստանի առաջին ղեկավարն է, որն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում: Այս իրավիճակում չի կարող բանակցությունները շարունակել մարդ, որը ճանաչում է Արցախը՝ Ադրբեջանի կազմում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը վերաձևակերպեց Նիկոլ Փաշինյանի հայտնի խոսքը, երբ 2018թ. սպառնում էր, որ կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա. «Վերաձևակերպելով իր այդ հայտնի միտքը, պետք է ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը հավակնում է պատմության մեջ մնալ՝ որպես պետականություն ունեցող Հայաստանի վերջին ղեկավար, եթե ինքը շարունակի մնալ և լինել թիվ մեկ բանակցողը»:

Նա ուշացած քայլ է համարում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանատների և ՀՀ-ում ԵՄ դեսպանության դիմաց «SOS Artsakh» 24-ժամյա նստացույցը:

Կարդացեք նաև

«Ես չեմ կարծում, որ Անդրեա Վիկտորինը չգիտի՝ ինչ է կատարվում Արցախում, կամ ՄԱԿ-ը չգիտի. ՄԱԿ-ի բարձրագույն ատյանը՝ Հաագայի դատարանը, կայացրեց որոշում՝ Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ, ի՞նչ ասեց Ալիևը՝ Բերձորից երեք մատի կոմբինացիա ցույց տվեց Հաագային էլ, ՄԱԿ-ին էլ, ԵՄ-ին էլ, ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանն էլ՝ վրադիր: Իհարկե, ցանկացած գործողություն, այդուհանդերձ, ոչինչ չանելուց կամ ԱԺ-ում ծեծ ուտելուց շատ ավելի լավ է, երբ երկու տարի անտրուսիկ մնացած ինչ-որ մեկը կարող է ասել, որ այսօր ընդդիմությանը ծեծելու օրը չէ, ես օրը կասեմ: Այո, ինչ-որ բան անելուց ավելի լավ է, բայց ես ուզում եմ մեր հարգարժան ընդդիմադիր գործընկերներին հիշեցնել, որ երբ ձմռանն Արտակ Բեգլարյանը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց նստացույց էր անում, իմ շատ հարգարժան ընդդիմադիր բազմաթիվ գործընկերներ հեգնում էին Արտակին, ասում էին՝ սխալ տեղ ես նստել, միակ տեղը, որտեղ պետք է գնալ և ցույց անել, կառավարության շենքն է, որտեղ նստած է Նիկոլ Փաշինյանը: Բայց ես էլի եմ ասում՝ եթե այս ակցիաները լինելու են շարունակական, և ընդդիմությունը ճիշտ ճանապարհային քարտեզով ճիշտ տեղ է գնալու, ապա, իհարկե, ողջունելի է»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս