
ԱՄՆ-ն Ուկրաինային 500 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի

Միացյալ Նահանգները պլանավորում է Ուկրաինային ուղարկել մինչև 500 միլիոն դոլար գումարի ռազմական օգնություն, այդ թվում՝ ավելի քան 50 միավոր ծանր զրահատեխնիկա և հրթիռներ հակաօդային պաշտպանության համակարգերի համար: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ըստ գործակալության աղբյուրների՝ Վաշինգտոնը Կիև կուղարկի 30 Bradley մարտական մեքենա և 25 Stryker զրահամեքենա, ինչպես նաև արկեր HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի և Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար։
Բացի այդ, մատակարարման համակազմի մեջ կմտնեն Javelin հրթիռներ և HARM մեծ արագության հակառադիոտեղորոշիչ հրթիռներ, պայթուցիկ զինամթերք, խոչընդոտները մաքրելու սարքավորումներ, ինչպես նաև հրետանային արկերի և այլ զինամթերքի լայն տեսականի:
Նշվում է, որ օգնության հաջորդ փաթեթի մասին հայտարարությունը պետք է արվի այսօր՝ հունիսի 27-ին։
Պենտագոնի տվյալներով՝ 2022 թ.-ի փետրվարից Միացյալ Նահանգներն իր պահուստներից Ուկրաինային մատակարարել է ավելի քան 15 միլիարդ դոլար գումարի զենք ու տեխնիկա:
ԱՄՆ-ն նաև Ուկրաինային կուղարկի լրացուցիչ 6.2 միլիարդի օգնություն՝ շնորհիվ հաշվապահական սխալի, քանի որ ռազմական գերատեսչությունը գերագնահատել էր վերջին տարվա ընթացքում Ուկրաինա ուղարկված զենքերի արժեքը: