«Իշխանությունները վախեցած են. պայթյունի ձայնը կլսեք». Գեղամ Մանուկյան

«Հարցազրույցի թանկագին ժամանակի կարևոր մասը պետք է նվիրեմ նրան, թե խորհրդարանում իշխանական ֆրակցիայի ղեկավարը կամ ԱԺ նախագահը որքան անդաստիարակ են, որքան խուլիգանական պահվածք կարող են ունենալ ու իրենց այդպես պահե՞լ: Ալեն Սիմոնյանը կարծում է՝ էդ աթոռն իրենց տանից է բերել, այդ աթոռի վրա պետք է նստի և երրորդ դեմքով խոսի ԱԺ մեծասքանչ նախագահի մասին: Պարզապես, Ալեն Սիմոնյանը վիրավորեց, և Սեյրան Օհանյանի նյարդերը տեղի տվեցին»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին:

Նրա խոսքով՝ միջադեպը հրահրելով՝ իշխանությունները փորձում են հանրության ուշադրությունը շեղել Արցախում ստեղծված իրավիճակից և երկրի առջև ծառացած խնդիրներից:

«Արցախը շրջափակման մեջ է, դեղորայք, սնունդ, վառելիք այլևս չկա, այս ամենի մեջ մեկ էլ՝ դը՛խկ… Շեղում են ամեն ինչից՝ բոլոր կարևոր հիմնախնդիրներից: Նիկոլն ասում է՝ Արցախը Ադրբեջանի կազմում է ճանաչում, բայց հո հասարակության վերաբերմունքն էլ այդպիսին չէ՞, իրենք էլ են վատ վիճակում հայտնվում: Իրենք էլ են հասկանում, որ հասարակության տրամադրությունն այլ է: Արցախյան հարցը բոլոր միջազգային օրակարգերից փորձում են հանել՝ Արցախի ինքնորոշման, արցախահայության իրավունքների հարցը»,-նշեց Գեղամ Մանուկյանը՝ ընդգծելով, որ այս իրավիճակում իրենց հայտարարած 24-ժամյա նստացույցն առաջին հերթին ուղերձ է լինելու, որ հայ հասարակությունը քնած չէ, դժգոհություններ ունի:

«Հիմա գերնպատակ պետք է դարձնել Հայաստանի որևէ նոր կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելու հնարավորության բացակայությունը, որի համար ՀՅԴ գերագույն ժողովը մատնանշել էր հիմնական ուղղություններ՝ անվտանգային, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնում, նաև՝ արտաքին քաղաքականության մեջ դաշնակիցների եղած պոտենցիալը մեկտեղելով՝ Արցախի ինքնորոշման իրավունքի թեման չփակելն ու առաջ մղելը, զուգահեռ այս գործընթացին՝ նաև այս իշխանությունների հեռացում»,-ընդգծեց նա:

Կարդացեք նաև

Գեղամ Մանուկյանը նշեց, որ մարդիկ հասկանում են՝ իշխանությունների պատճառով են անպաշտպան.
«2022թ. երբ «Դիմադրություն» շարժումը մեկնարկում էր, շատերն ասում էին, որ ժողովուրդը թմբիրի մեջ է, բայց միանգամից դա պայթեց: Հիմա, ես վստահ կարող եմ ասել, որ այս իշխանությունը երանի կտար այն ժամանակվա թմբիրին: Այսօր ուղղակի անհավատալի էլեկտրականացված վիճակ է Հայաստանում: Այնքան էլեկտրականացված վիճակ է, որ իշխանությունը շատ լավ դա հասկանում է, և ՀՅԴ հայտարարության մեջ զորաշարժ բառից վախեցել են: Ասում ենք՝ հո մենք մեղավոր չե՞նք, որ մեր հայերենի իմացությունն ավելի լավն է, քան՝ ձերը: Նույն այս տաղավարում Աղվան Վարդանյանի ասած մահապարտ բառից վախեցել էին: Իրենք գիտեն իրերի իրական դրությունը»:

Ճշտմանը՝ այսինքն՝ իշխանությունները վախեցա՞ծ են, նա պատասխանեց.

«Այո, այն էլ ո՜նց: Հասկանում են, որ այս վիճակը չի կարող շարունակվել, պայթելու է: Վստահ՝ պայթյունի ձայնը կլսեք և մասնակից կլինեք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս