Միցոտակիսը երդում է տվել որպես Հունաստանի վարչապետ

Հունաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած պահպանողական «Նոր ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը hունիսի 26-ին երդում է տվել որպես Հունաստանի նոր կառավարության ղեկավար։

Ընտրությունների արդյունքներով 300-տեղանոց խորհրդարանում ստանալով 158 տեղ՝ Միցոտակիսը պաշտոնապես կառավարություն կազմելու մանդատ է ստացել Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուից:

Վարչապետն առաջիկա օրերին կհայտնի իր կառավարության կազմը:

Ընտրվելու առթիվ Կիրիակոս Միցոտակիսին շնորհավորել են տարբեր երկրների ղեկավարներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Հունաստանում խորհրդարանական ընտրություններ էին կայացել նաև մայիսի 21-ին. դրանց արդյունքներով ևս հաղթել էր Միցոտակիսի կուսակցությունը՝ ստանալով ձայների 40,7 %-ը, սակայն դա բավարար չէր եղել միայնակ կառավարություն ձևավորվելու համար, իսկ կուսակցությունները համաձայնության չէին հասել կոալիցիոն կառավարություն կազմելու շուրջ: Ժամանակավոր վարչապետ էր նշանակվել Հաշվիչ պալատի ղեկավար Իոանիս Սարմասը:

Տեսանյութեր

Լրահոս