Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն առաջիկա գագաթնաժողովին որոշում կկայացնի պաշտպանական ծախսերն ավելացնելու մասին

ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում կհայտարարվի Ուկրաինային աջակցության նոր փաթեթի մասին, անդամները նաև կհամաձայնեցնեն պաշտպանական ծախսերի ավելացումը: Այս մասին Վիլնյուսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Դա ներառում է օգնության բազմամյա փաթեթ և արդիականացված քաղաքական կապեր Ուկրաինայի հետ, ինչպես նաև դաշնակիցների զսպման և պաշտպանության ամրապնդում` նոր տարածաշրջանային պլաններով և օդային ու հակահրթիռային պաշտպանության ռոտացիոն մոդելով», – հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը:

Դաշնակիցները նաև կպայմանավորվեն պաշտպանության ոլորտում ավելի հավակնոտ ներդրումների շուրջ, որպեսզի անդամ երկրների կողմից պաշտպանական ծախսերին ուղղվող ՀՆԱ-ի 2 %-ը լինի ոչ թե առավելագույն շեմը, այլ նվազագույն:

ՆԱՏՕ-ի երկրները 2014 թ. սեպտեմբերին Ուելսում կայացած գագաթնաժողովում որոշում էին կայացրել պաշտպանական ծախսերին ՀՆԱ-ի 2%-ի ուղղումը նպատակակետ դարձնել բոլոր անդամ երկրների համար։ 2023 թվականի մարտին Ստոլտենբերգը, ներկայացնելով ՆԱՏՕ-ի գործունեության մասին իր տարեկան զեկույցը, հայտարարեց, որ դաշինքի 30 երկրներից միայն յոթն են կատարել պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2%-ին հասցնելու խնդիրը։

ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը կկայանա հուլիսի 11-12-ը Վիլնյուսում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս