Իշխող հանցավոր կլանը իրավապահ և դատական համակարգերը պահում է պատանդի կարգավիճակում․ Գագիկ Համբարձումյան
Այսօր դատական և իրավապահ համակարգում տեղի ունեցողը կարելի է որակել որպես ակնհայտ, անթաքույց և համապարփակ բնույթ կրող վակխանալիա։ Մենք նախ անցանք դատաիրավական համակարգի երկակի ստանդարտների փուլը, երբ դա քողարկված մոտեցում էր՝ իրենց հաճելի գործընթացներին ընթացք տալու համար, ապա անցանք զանգվածային դեգրադացմանը։ Հիմա արդեն վակխանալիայի փուլն է, երբ իշխանությունն անգամ հարկ չի համարում դատաիրավական համակարգի նկատմամբ իր կողմից ուղղորդված այլանդակ երևույթները քողարկելու, և ինչ-որ շղարշ տալու, ձևեր թափելու անհրաժեշտություն չունի։ Դատական համակարգում դեռևս մնացել է մի քանի արժանապատիվ և օրենքին հավատարիմ անձ, այս դեպքում՝ դատավոր Դավիթ Հարությունյանը, որի հանդեպ վարույթ է հարուցվել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ոստիկանության պաշտոնաթող գեներալ-մայոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Գագիկ Համբարձումյանը:
«Սրանց պետք է ոչ թե սկզբունքային, այլ վնգստացող դատավորների կոհորտա ստեղծել, ուրիշ ոչինչ։ Չմոռանանք, որ տարիներ առաջ սա հարցնում էր՝ կա՞ մի դատավոր, որն իմ ցանկությունը չկատարի։ Հիմա արդեն այդ ապագան եկել է, մենք ապրում ենք այդ իրականությունում։ Վաղը սրանց դատելու են ոչ միայն այսօր ճնշման ենթարկվող դատավորները, որոնք փոքրիշատե պահպանել են մարդկային և բարոյական որակները, այլև իրենց ձեռքով վնգստացող դատավոր դարձած անձինք, և շատ ավելի ջանադրաբար են դատելու, քան պարկեշտ դատավորները։ Իշխող հանցավոր կլանը ոչ միայն դատաիրավական համակարգը, ուժային կառույցները, այլև ամբողջ պետական ապարատը, հատկապես ղեկավար մասին, պահում է պատանդի կարգավիճակում»,- ասաց հասարակական գործիչը:
«Սովորաբար պատանդ են վերցնում անպաշտպան երեխային կամ ծնողներին՝ իրենց հանցավոր նպատակներին հասնելու համար, շանտաժ են բանեցնում և այլն. դա դասական պատանդառությունն է։ Սրանք բոլորովին ուրիշ ճանապարհով են գնացել՝ դատաիրավական, ուժային, պետական կառույցներին մասնակից ու հանցակից են դարձնում իրենց հանցագործություններին։ Վարչապետ կոչեցյալը դավաճան է, նա դավաճանել է երկրին ու ժողովրդի շահերին։ Եթե այսօր իրավապահ համակարգի ղեկավարները չեն ձերբակալում նրան, ավելին՝ հնարավորություն են տալիս շարունակելու իր հանցավոր գործունեությունը, դավաճանությունը, երկրի կործանումը, իսկ դա շարունակվող հանցագործություն է, նրանք քրեական օրենսդրության դրույթներին համապատասխան՝ դառնում են այդ հանցագործությունների մասնակիցը՝ առնվազն որպես օժանդակող և պարտակող, նրանք դավաճանության համակատարող են»,- նշեց Համբարձումյանը:
Գեներալի պնդմամբ՝ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնն զբաղեցնելու պահից սկսած՝ իրավապահ և ուժային կառույցների բոլոր ղեկավարները ենթակա են քրեական հոդվածների և մեղադրանքների, հետևաբար՝ նրանք Փաշինյանի մոտ պատանդի կարգավիճակում են:
«Նրանք գիտեն, որ եթե Փաշինյանը չլինի՝ իրենց և ընտանիքների հետագայի հարցն անորոշ է։ Սրանց բախտը կարող է բերել միայն, եթե վռնդվելուց հետո կարողանան խուսափել ժողովրդի հաշվեհարդարից և դատաստանի ենթարկվեն օրենքով, դա կլինի մեծ բարեբախտություն։ ՔՊ-ականները չեն մտածում իրենց ապագայի մասին, քանի որ անկիրթ, տհաս ու կարճամիտ են, իրենց այսօրվա կարգավիճակից բխում է, որ ինչ կարող են՝ անում են։ Սա մանր հանցագործների մոտեցումն է, երբ անում են մի բան՝ հանցավոր ինքնավստահությամբ, թե չեն բռնվի»,-ասաց Գագիկ Համբարձումյանը:
«Չէ՞ որ դատաիրավական համակարգի աշխատակիցները կրթված են, հատկապես այդ բնագավառի կրթություն և այդ երևույթներից հետևություն անելու ունակություն ունեն։ Այդ էֆեկտը ստեղծելու համար էլ Նիկոլը սրանց սարքում է հանցակից ու պահում պատանդի կարգավիճակում։ Պատասխանատուների պատիժը պետք է շուտ հասնի։ Սրանք ապաշնորհ չեն, ամեն ինչ անում են գիտակցված՝ կործանելու համար։ Դատարաններն ու դատավորներին թիրախավորելու, դատական համակարգը ճղճիմացնելու վարքագիծը շատ տրամաբանական է։ Ոստիկանական, նախաքննական, դատախազական մարմինները վերահսկողության տակ պահելուց հետո անկախ դատական համակարգն ի չիք է դարձնում նախորդ փուլերում կատարված գործողությունները, հետևաբար պետք է քանդել նաև դա»,- ամփոփեց Գագիկ Համբարձումյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: