Բաժիններ՝

Չինաստանն ուժեղացրել է պարեկությունը Թայվանի մերձակայքում գտնվող ամերիկյան նավի պատճառով

ԱՄՆ-ի առափնյա պահպանության Stratton նավը անցել է Թայվանի նեղուցով, ինչի պատճառով Չինաստանը կուժեղացնի պարեկությունն իր իրավասության տակ գտնվող ջրերում, վճռականորեն կպաշտպանի իր ինքնիշխանությունը: Ինչպես տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից, այսօր այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի ծովային ոստիկանության վարչության պաշտոնական ներկայացուցիչ Գան Յույը։

«Չինաստանի ծովային ոստիկանության նավերն այն ուղեկցել են ամբողջ ճանապարհին, պատասխան միջոցներ են ձեռնարկել՝ օրենքին համապատասխան: Չինաստանի ծովային ոստիկանությունը կուժեղացնի պարեկությունը Չինաստանի իրավասության տակ գտնվող ջրերում և ամուր կպաշտպանի պետական ինքնիշխանությունը, անվտանգությունը, իրավունքներն ու շահերը ծովում», – ասել է Գան Յույը։

Նրա խոսքով՝ Stratton նավը նեղուցով անցել է չորեքշաբթի օրը՝ հունիսի 21-ին։ Դրանից երկու օր առաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ավարտել էր երկօրյա այցը Չինաստան, որի հետ կապված Վաշինգտոնը հարաբերությունների բարելավման մեծ հույսեր ուներ. կողմերի հարաբերությունները նաև վատացել էին Թայվանի շուրջ ստեղծված իրադրության պատճառով։

Թայվանի շուրջ իրադրությունն զգալիորեն սրվել է անցյալ տարվա օգոստոսի սկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսիի՝ կղզի կատարած այցից հետո։ Չինաստանը, որը կղզին համարում է իր նահանգներից մեկը, դատապարտել է Փելոսիի այցը՝ այդ քայլում տեսնելով ԱՄՆ-ի աջակցությունը թայվանական անջատողականությանը, և լայնածավալ զորավարժություններ է անցկացրել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս