«Նիկոլի խոսքն ինձ համար արժեք չունի. հանձնաժողովում նրա հերթական մանիպուլյացիան է լինելու». Գարիկ Գալեյան

Այսօր առավոտյան 10:00-ից Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է, 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում սկսեց ներկայացնել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը, հետո, թե ինչից սկսվեց 2020 թվականի պատերազմի պարտությունը, ինչպես հանձնվեց Շուշին: Ինչպես միշտ, յուրաքանչյուր թեմային անդրադառնալիս մեղավոր էր կարգում, իրենից բացի, բոլորին։ Մինչև նիստի մեկնարկը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ կարճ զրույցում ասել էր, թե Նիկոլ Փաշինյանը սենսացիոն հայտարարություն է անելու, սակայն ելույթի առաջին հատվածում, գոնե մինչև ընդմիջումը, Նիկոլ Փաշինյանը չէր ասել այնպիսի բան, որ լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնված չլինեին:

168.am-ը 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հորից՝ Գարիկ Գալեյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ սպասելիքներ ունեն հանձնաժողովի այս նիստից, արդյո՞ք ցանկություն չի եղել ծնողներով ներկա լինել նիստին և դեմ առ դեմ հարցեր ուղղել Նիկոլ Փաշինյանին։

«Ես իրենց չեմ համարում իշխանություն, որ գնամ հարցեր տամ, ավելին՝ Նիկոլի խոսքն ինձ համար արժեք չունի, անարժեք է։ Ես Նիկոլին հարցեր չունեմ, ի՞նչ հարց տամ, երբ նախորդ տարի ապրիլին նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ պատերազմում կարող էր լինել նույն արդյունքը, բայց առանց զոհերի։

Այդ հանձնաժողովում հավաքված են ՔՊ-ական թափթփուկներ, գնամ դրանց ի՞նչ ասեմ, պարզապես հավաքվել են, շոու են անելու։ Երևի սրանով ուզում են փակել 44-օրյա պատերազմի թեման, որովհետև իրենք իրենց գործողություններն արեցին ու իրենց նպատակին հասան»,- նշեց Գարիկ Գալեյանը։

Կարդացեք նաև

Միաժամանակ նա մտահոգություն հայտնեց նոր պատերազմ սկսելու հավանականության մասին, և Նիկոլ Փաշինյանն էլ ուզում է նախորդ պատերազմի թեման փակի, որպեսզի նոր պատերազմի ստուգիչ հանձնաժողով ստեղծվի։

«Սա փոքր երկիր է, բոլորի հետ էլ շփվում ենք, սահմանին լարված վիճակ է, ու այսքանից հետո ի՞նչ պետք է հանձնաժողովում ասի Նիկոլը։ Գնանք լսենք մի մարդու, ով 120 հազար արցախահայերի, մեր քույր և եղբայրներին թողել է Ադրբեջանի ձեռքին գերի, ու նրանք ցեղասպանվելու վտանգի առջև են։

Մեր զոհված տղաներից մեկի՝ Բենի ծննդյան օրն է, Արցախից ծնողները չեն կարողանում գալ ու այցելել Եռաբլուր, տղայի ծննդյան օրը պետք է առանց նրա ծնողների՝ մենք նշենք Եռաբլուրում։

Կրկնում եմ՝ Նիկոլին լսում են այն մարդիկ, ովքեր ընդունում են նրա խոսքը, իսկ ես անձամբ չեմ ընդունել ու չեմ էլ ընդունելու, հերթական մանիպուլյացիան է լինելու։ Միշտ ասել եմ, եթե ԱԺ-ում, իրավապահ համակարգում արժանապատիվ մարդիկ կան, պետք է վայր դնեն իրենց վկայականները, դուրս գան, քանի որ կեղծ գործեր սարքելով՝ ոչնչի չեն հասնի։ Ես դավաճաններին ցանկություն չունեմ լսելու»,- նշեց Գարիկ Գալեյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս