Հակարիի կամրջին տեղի ունեցած միջադեպը քննվում է, ՌԴ դեսպանին հայտնել ենք մեր դիրքորոշումը. Վահան Կոստանյան

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի մեկնաբանությամբ՝ Ադրբեջանի կողմից՝ Հայաստանի ու Արցախի սահմանին լարվածության ստեղծումը միանշանակ չի աջակցում Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն կառուցելուն և կասկածի տակ են դնում Ադրբեջանի հայտարարությունները, թե իրենք իրապես հետաքրքրված են կայունության և խաղաղության հաստատման համար։

Ինչ վերաբերում է տարածաշրջանի կումունիկացիաների ապաշրջափակմանը, Վահե Կոստանյանն ասաց, որ մինչև ապաշրջափակման դետալներին անդրադառնալը Հայաստանի համար շատ կարևոր է ֆիքսել սկզբունքները, որ պետք է տեղի ունենա ապաշրջափակումը կողմերի իրավազորության և ինքնիշխանության հիման վրա՝ հաշվի առնելով փոխադարձությունը։

«Այս շրջանակներում Հայաստանը մշտապես կառուցողական է եղել և շահագրգռված՝ իրականացնելու ապաշրջափակման գործընթացը։ Դեռևս 2021 թվականի հունվարի 11-ին, երբ ստորագրվեց փաստաթուղթ, Հայաստանը կառուցողական մոտեցում է դրսևորել այս աշխատանքներում և շարունակելու է կառուցողական լինել։ Մենք հետաքրքրված ենք ճանապարհների ապաշրջափակմամբ, որովհետև կարծում ենք՝ «հայկական խաչմերուկ» ծրագիրը մեծ պոտենցիալ ունի, հաշվի առնելով նաև այն աշխարհաքաղաքական զարգացումները և այն լոգիստիկ խնդիրները, որոնց այսօր աշխարհը բախվում է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վահան Կոստնյանը։

Այս համատեքստում նա ընդգծեց՝ եթե մինչև այժմ իրենց չի հաջողվել թղթի վրա ֆիքսել, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, բնականաբար, ապակառուցողական կողմն Ադրբեջանն է։

Կարդացեք նաև

«Թե՛ ապաշրջափակման թեմայով, թե՛ սահմանների սահմանագծման, թե՛ խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ քննարկումներ իրականացնելու համար հայկական կողմը մշտապես պատրաստ է հանդիպումների իրականացման համար, որովհետև մենք շահագրգռված ենք այս բոլոր երեք ուղղություններով արդյունքներ գրանցել»,- ընդգծեց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալը։

Ինչ վերաբերում է Հակարիի կամիջի վրա տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանական կողմը փորձել էր առաջ գալ և տեղադրել դրոշ, և դրանից հետո ՀՀ-ում ՌԴ դեսպանին հրավիրել էին ՀՀ ԱԳՆ, Վահան Կոստանյանն ասաց.

«Միջադեպը քննվում է, ՀՀ արտգործնախարարությունն իր դիրքորոշումը և մտահոգությունները ներկայացրել է խնդրի վերաբերյալ, սպասենք պաշտոնական արձագանքների։

ՌԴ դեսպանին ներկայացրել ենք մեր դիրքորոշումը»։

 

Տեսանյութեր

Լրահոս