Կարեն Անդրեասյանը կարգադրիչներին հրահանգեց տեխնիկական միջոցներս հանել, սպառնաց. Դավիթ Հարությունյան

Պատրաստվում եմ հանցագործության մասին հաղորդում կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացնել Կարեն Անդրեասյանի վերաբերյալ. դատավոր

«Որոշվեց դռնփակ արվի, որևէ միջնորդության վերաբերյալ դիրքորոշում նույնիսկ չլսվեց: Բոլորիս հայտնի է «Մարտեր՝ առանց կանոնների» սպորտաձևը, բայց այդ սպորտաձևում էլ որոշակի կանոններ կան, բայց այստեղ հայտնի չէ՝ ինչ կանոններով է Անդրեասյանն առաջնորդվում»,- լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը՝ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցի դռնփակ քննարկումը հետաձգելու որոշումից հետո:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել. արդարադատության նախարարությունն է միջնորդություն ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորին։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ դատավորի նկատմամբ վարույթը հարուցվել է հարցազրույցի համար։ Խոսքը, մասնավորապես, ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի օրը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին է:

Կարդացեք նաև

Հիշեցնենք՝ ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ մամուլի քարտուղարի անունից, հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Դավիթ Հարությունյանն անթույլատրելի էր համարել ԲԴԽ-ի հայտարարությունը:

Դավիթ Հարությունյանն այսօր չպատասխանեց լրագրողների հարցին, թե կոնկրետ որ հարցազրույցի որ դրվագն է անհանգստացրել ԲԴԽ-ին՝ նկատելով միայն, որ այդ մասին կխոսի ավելի ուշ:

«Խոսքի ազատության սահմանափակման վերաբերյալ միջնորդություն է այստեղ քննարկվում. ըստ իրենց՝ ես վիրավորել եմ, թե ինչ եմ արել. ինձ մեղադրանքն էլ պարզ չէ: Իմ բոլոր հորդորները՝ պարզաբանեն ընթացակարգերը, իմ իրավունքները, բնականաբար, մնացել են օդում,- նկատեց նա՝ հավելելով,- Պատրաստվում եմ նաև հանցագործության մասին հաղորդում կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացնել Կարեն Անդրեասյանի վերաբերյալ՝ նրա՝ դատական նիստում արտահայտած մտքերի, սպառնալիքների հետ կապված. կարգադրիչներին հրահանգեց իմ գույքը՝ այն տեխնիկական միջոցները, որոնցով փորձում էի իմ պաշտպանությունն իրականացնել (համակարգիչ, բարձրախոս, որի միջոցով պատրաստվում էի որոշակի ձայնագրություններ հրապարակել), դուրս բերել: Ասեցի՝ որևէ մեկն իրավունք չունի իմ գույքին ձեռք տալ, վերջինս ասեց՝ ուժի կիրառմամբ դա կանի: Ասեցի՝ ի՞մ նկատմամբ են ուժ գործադրելու, ասեց՝ չէ, գույքի նկատմամբ»:

Դատավոր Դավիթ Հարությունյանը նշեց, սակայն, որ հաղորդում ներկայացնելու համար նրան մինչև տվյալ պահը չի տրամադրվել կրիչը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս