Բաժիններ՝

Աստանայում զինված տղամարդը բանկի մասնաճյուղում պատանդ է վերցրել մի քանի հոգու

Ղազախստանի մայրաքաղաքում բանկերից մեկի մասնաճյուղում, ենթադրաբար, զինված տղամարդը մի քանի հոգու պատանդ է վերցրել:

Այս մասին հայտնել են երկրի ոստիկանության լրատվական ծառայությունից։

«Դոստիկ փողոցում գտնվող Կասպիական բանկի շենքում մի տղամարդ փակվել է հիմնարկի այցելուների հետ։ Նախնական տվյալներով՝ տղամարդը զինված է։ Դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցները, տղամարդու հետ բանակցություններ են ընթանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավապահները մայրաքաղաքի բնակիչներին խնդրել են պահպանել հանգստություն և չմիջամտել իրավասու մարմինների աշխատանքին։

Ոստիկանությունը շրջափակել է բանկի մասնաճյուղի շրջակայքը։ Սոցցանցերում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ տղամարդը 30 տարեկան է, պատանդները 8 հոգի են, այդ թվում, անվտանգության աշխատակիցը։ Ոստիկանությունը դեռ չի հաստատել այս տեղեկությունը։

Բանկի մամուլի ծառայությունից հայտնել են, որ այս պահին մասնաճյուղում միայն բանկի աշխատակիցներն են, հաճախորդներ չկան։

«Իրավապահ մարմինների ներկայացուցիչները բանակցում են աշխատողներին սպառնացող մարդու հետ, ոստիկանության և բանկի բոլոր ուժերն ուղղված են նրան, որ ոչ ոք չտուժի»,- վստահեցրել են բանկից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս