Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի արձակման մասին
Հյուսիսային Կորեան այսօր արձակել է, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել է Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը։ Ճապոնական պարեկային նավերը տարածաշրջանում գտնվող նավերին կոչ են արել ռազմամթերքի բեկորների հայտնաբերման դեպքում չմոտենալ դրանց և անմիջապես կապ հաստատել իշխանությունների հետ:
Իր հերթին, Yonhap գործակալությունը, վկայակոչելով Կորեայի Հանրապետության Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեին, հայտնել է, որ Փհենյանը բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի կողմը։
Մայիսի 31-ին Հյուսիսային Կորեան փորձ էր ձեռնարկել՝ արձակելու իր առաջին ռազմական հետախուզական արբանյակը, սակայն փորձը ձախողվել էր։ «Չհոլիմա-1» հրթիռը ռազմական հետախուզական արբանյակի հետ միասին ընկել էր Դեղին ծովը՝ երկրորդ աստիճանի շարժիչի աշխատանքի խնդիրների և վառելիքի անկայունության պատճառով։ ԿԺԴՀ-ի իշխանությունները նշել են, որ անսարքությունները հայտնաբերելուց և շտկելուց հետո ծրագրում են մոտ ժամանակներս կատարել ևս մեկ արձակում: