Ի՞նչ կապ ունեն Սյունիքի մարզին ԵՄ-ի տրամադրած միլիոնավոր եվրոները Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու հետ. մարզպետարանի «պատասխանը»
2023-ի մայիսի 15-ին Հայաստանում Եվրամիության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը հայտարարեց. «Սյունիքում 55 մլն եվրոյի աջակցություն ենք տրամադրել, որով հստակ ազդակ ենք ուղարկում, որ աջակցում ենք Հայաստանին և Հայաստանի տարածքային ամբողջականությանը»:
Իմանալու համար, թե հատկապես ինչպե՞ս է ԵՄ-ի տրամադրած 55 միլիոն եվրոյի դրամական աջակցությունը հստակ ազդակ հանդիսանում, որ ԵՄ-ն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, 168.am-ը մայիսի 18-ին ՀՀ Սյունիքի մարզպետին հասցեագրեց հետևյալ հարցերը՝
1․ Արդյո՞ք ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը: Եթե համապատասխանում է, ապա այդ 55 միլիոն եվրոն ե՞րբ է տրամադրվել Սյունիքին, ի՞նչ ժամանակահատվածի մասին է խոսքը։
2․ Սյունիքի կոնկրետ ո՞ր կառույցների կամ անհատների մասին է խոսքը, ովքեր ստացել են գումար։ Որքա՞ն են ստացել, ի՞նչ նպատակով:
3․ Ինչպե՞ս է տրամադրվել գումարը, ի՞նչ ընթացակարգով:
4․ Որո՞նք են եվրոպական այն ծրագրերը, որոնց դիմում է Սյունիքի մարզպետարանը: Ո՞ր ծրագրով և ի՞նչ է հնարավոր եղել ձեռք բերել կամ իրագործել մարզում։
5. Արդյո՞ք Ձեզ համար կամ մարզի համար շոշափելի է այն, որ ԵՄ-ն «աջակցում է Հայաստանին եւ Հայաստանի տարածքային ամբողջականությանը»։ Բացի վերոնշյալ 55 միլիոն եվրոյից, ինչպե՞ս են սյունեցիները առարկայական զգում, որ ԵՄ-ն «աջակցում է Հայաստանին և Հայաստանի տարածքային ամբողջականությանը»։
Հունիսի 5-ին ստացանք մեր հարցերի «պատասխանը»: Բացի նրանից, որ Սյունիքի մարզպետարանի համապատասխան պատասխանատուներն օրենք էին խախտել ու պատասխանելու համար նախատեսված 5-օրյա ժամկետը բաց թողել, պատասխանի փոխարեն էլ ուղարկել էին, մեղմ ասած, ոչինչ չասող շարադրանք:
Պատասխանի բովանդակային կողմի, ավելի ստույգ՝ դրա բացակայության մասին:
Մենք հարցերի բավականին լայն շրջանակ էինք ներառել մեր հարցման մեջ, որոնց գոնե մի մասին պատասխան ստանալու դեպքում որոշակի գաղափար կարող էինք կազմել ԵՄ դեսպան Վիկտորինի արտահայտած մտքի ու դրա իրագործման եղանակների վերաբերյալ:
Սյունիքի մարզպետարանում, սակայն, գերադասել են անտեսել մեր կոնկրետ հարցադրումները:
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության իրականացման հնգամյա բյուջեն տարվա սկզբի համեմատ կրկնապատկվել է և կազմում է 116 մլն եվրո, ինչի մասին մայիսի 19-ին Կապանում անցկացված «Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում հայտարարել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Լեհաստանի և Շվեդիայի համատեղ նախաձեռնությունն է, որին միացել է նաև Շվեյցարիան որպես արտաքին գործընկեր»,- գրված էր Սյունիքի մարզպետարանից ստացված պատասխանում:
Հաջորդիվ նշել էին, որ ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ուղենիշների մշակման աշխատանքներում Սյունիքի մարզպետի աշխատակազմը մասնակցություն է ունեցել, մասնավորապես, 4-րդ՝ Աջակցության հարավային շրջանների դիմակայունության ամրապնդման ուղենիշի մշակման աշխատանքներին:
Այս նախադասությունը միայն մի քանի անգամ կարդալուց հետո միայն կարողացանք հասկանալ՝ ինչի մասին է, և այն էլ՝ միայն «ամրապնդմանը» բառի «ը» տառը հանելուց հետո:
«Սյունիքի մարզպետի աշխատակազմի կողմից առաջարկվել են հետևյալ ծրագրային ուղղությունները՝ մարզում ՓՄՁ աջակցություն, համայնքային ենթակառուցվածքներ, միջհամայնքային ճանապարհներ, խմելու և ոռոգման ջրի մատակարարման համակարգ, հեռագնա արոտների հասանելիություն»,- ընդհանրական պատասխանով գրությունը եզրափակել էին Սյունիքի մարզպետարանից:
Այսինքն՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ ԵՄ-ն ոչ թե 55, այլ փաստացի դրանից կրկնակի անգամ ավելի՝ 116 միլիոն եվրոյի կարգի գումար է տրամադրում Սյունիքի մարզին՝ առանց հստակ իմանալու՝ այդ գումարները կոնկրետ ինչ նպատակով են ծախսվելու:
Բայց դա էլ մի կողմ. ի վերջո, ի՞նչ կապ ունեն ԵՄ-ի տրամադրած միլիոնները Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու հետ:
Հարցը մնաց անպատասխան: