Արման Եղոյանը Միրզոյան-Բայրամով հանդիպման հետաձգումը պայմանավորեց Էրդողանի՝ Բաքու այցելությամբ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Վաշինգտոնում հունիսի 12-ին նախատեսված հանդիպումը՝ Ադրբեջանի խնդրանքով հետաձգելուն, ենթադրություն հայտնելով, որ պատճառը կարող էր լինել երեկ Բաքու կատարած Թուրքիայի նախագահի այցը, քանի որ արտգործնախարարն այս օրերին չէր կարող բացակայել երկրից։

Իշխանական պատգամավորը դժվարացավ ասել, թե երբ կկայանա արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումը՝ ընդգծելով, որ նման հարցերն օրերի կտրվածքով չեն լուծվում, այլ շաբաթների։

Լրագրողը ցանկանում էր հարց ուղղել Արման Եղոյանին՝ նկատելով, որ ՀՀ իշխանությունը հայտարարել է, որ չի իրականացնելու նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, սակայն Արման Եղոյանը հարցն ընդհատելով՝ ասաց, որ իշխանությունը նման բան չի հայտարարել։

«Դուք ի՞՚նչ իրավունք ունեք Արմեն Գրիգորյանի խոսքը չակերտներից հետո փոխել»,- նշեց Արման Եղոյանը և ամեն կերպ խուսափեց հարցին ուղիղ պատասխանելուց։

Կարդացեք նաև

Լրագրողները փորձեցին այլ կերպ ձևակերպել հարցը՝ հետաքրքրվելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում նշված է, որ ճանապարհների ապաշրջափակումից հետո, այս հատվածում վերահսկողություն են իրականացնելու ռուս սահմանապահները՝ այդպե՞ս է, թե՞ ոչ։

«Դուք գիտեք, որ հայ-իրանական սահմանի երկայնքով կան ռուս սահմանապահ ուժերի ուղեկալներ, նաև մաքսակետում ու այլ կետերում էլ։ Այստեղ երկու հարց պետք է իրարից տարանջատենք՝ ՀՀ իրավազորության տակ գործող ճանապա՞րհ, թե՞ ՀՀ իրավազորությունից դուրս գործող ճանապարհ։  Հայաստանն ասել է, որ իր իրավազորությունից դուրս գործող ճանապարհներ ՀՀ-ում չեն լինելու։ Հիմա եթե դուք գնաք «Զվարթնոց» օդանավակայան, այնտեղ կարող եք հանդիպել ռուսների, որոնք գործում են ՀՀ օրենքների ներքո։ ՀՀ սահմանը հատելիս՝ ցանկացած օտարերկրյա մեքենա պիտի հանդիպի Հայաստանը ներկայացնող սահմանապահի»,- շեշտեց Արման Եղոյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս