Ինչ փոփոխություններ են նախատեսվում Վրաստանի քաղաքացիություն ստանալու օրենքում
Վրաստանի կառավարությունը նախատեսում է Վրաստանի քաղաքացիության մասին օրգանական օրենքում փոփոխություններ կատարել: Հարցն օրեր առաջ քննարկվել է կառավարության նիստում, օրենսդրական փոփոխության նախագիծը, սակայն դեռ խոհրդրարան չի ներկայացվել: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Հարկ է նշել, որ փոփոխություններն ուժի մեջ կարող են մտնել խորհդարանում քննարկելուց և հաստատելուց հետո միայն:
Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն նշել է՝ փոփոխությունների նպատակն արտերկրում ապրող հայրենակիցների համար Վրաստանի քաղաքացիության ստացումը պարզեցնելն է։ Բրեգաձեն առանձնացրել է նախատեսվող չորս կարևոր փոփոխություն.
1. Քաղաքացիություն ստանալու համար դիմողները կկարողանան վրացերենի անսահմանափակ թվով թեստեր հանձնել (այսինքն՝ քաղաքացիություն ստանալու համար վրաց լեզվի քննության մասնակցությունը սահամանփակ չի լինի): Քաղաքացիության համար դիմող անձը նախ կկարողանա հանձնել վրաց լեզվի թեստը, այն հաջողությամբ հանձնելուց հետո միայն դիմել պետական ծառայությունների զարգացման գործակալություն՝ քաղաքացիություն ստանալու խնդրով: Իսկ, եթե դիմողը չկարողանա հանձնել քննությունը, այդ դեպքում գործակալությունը չի սկսի քաղաքացիության տրամադրման ընթացակարգ՝ այդպիսով խնայելով ժամանակ և ռեսուրս։
2. Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար Վրաստանում առնվազն 10 տարի կացության պահանջը կկրճատվի (այսինքն՝ անհրաժեշտ կլինի, որ քաղաքացիության համար դիմող անձը Վրաստանում ապրած լինի 5 տարի)։
3. Քաղաքացիության համար դիմող անձինք հնարավորություն կստանան անժամկետ վերահանձնել քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ թեստը (այսինքն՝ թեստ հանձնելը սահամանփակված չի լինի, հետևաբար դիմողը կարող է այնքան հանձնել քննությունը, քանի դեռ հաջողություն չի գրանցել, իսկ հաջող հանձնած քննության արդյունքն ուժի մեջ կլինի մեկ տարի):
4. Վրաստանի քաղաքացիություն ստանալու դիմումի վերաբերյալ բացասական որոշման դեպքում քաղաքացիության տրամադրման ընթացակարգի վերսկսման ժամկետը 1 տարուց կկրճատվի 6 ամիս (այսինքն, եթե քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվել է, 6 ամիս անց կրկին կարելի է դիմել քաղաքացիություն ստանալու համար):