Բաժիններ՝

Քաղաքացին հայտնել է, որ Մյասնիկյան պողոտայի գիշերային ակումբներից մեկում իրեն ծեծում են, իր կյանքին վտանգ է սպառնում

Հունիսի 10-ին, ժամը 02.32-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մյասնիկյան պողոտայի գիշերային ակումբներից մեկում վիճաբանություն է, իրեն ծեծում են, իր կյանքին վտանգ է սպառնում: Ժամը 03.47-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. շտապօգնության խումբը նշված հասցեից «գլխի վնասվածք, պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխել 32-ամյա երիտասարդի:

Ժամը 04.10-ին 1-ին համալսարանական հիվանդանոցից է հաղորդում ստացվել. շտապօգնության խումբը ճակատի պատռած վերքով բուժօգնության էր տեղափոխել 26-ամյա երիտասարդի:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ Մյասնիկյան պողոտայի գիշերային ակումբում ժամը 02.00-ի սահմաններում մի խումբ երիտասարդներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խախտել են հասարակական կարգը, հայհոյել և տարբեր առարկաներով հարվածներ են հասցրել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի պարեկները ժամը 03.00-ին նշված ակումբից ոստիկանության Մարաշի բաժանմունք են տեղափոխել երեք երիտասարդի, որտեղ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է ընդհանուր 15 սմ շեղբի երկարությամբ գաղտնի փականով դանակ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մասնակից մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս