Դիզվառելիքի շինծու գործով դատական նիստը հետաձգվեց. նոր դատախազը պիտի ծանոթանա գործի նյութերին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը:

Այսօրվա դատական նիստին նույնպես ներկա էր Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր փաստաբանների հետ, նրա կուսակիցները և աջակիցները: Դատական նիստին ներկա էր նաև այս գործով մյուս մեղադրյալը՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:

Նախորդ դատական նիստին շարունակվեցին ամբաստանյալների հարցաքննությունները: Առաջինը հարցաքննվեց ամբաստանյալ, Գյուղատնտեսության նախարարության նախկին աշխատակից, վարչության պետ Գևորգ Հարությունյանը:

Ըստ նրա՝ նախկին գյուղնախարար, հանգուցյալ Սերգո Կարապետյանն է իրեն ուղղորդել նախաքննական ցուցմունքներ տալիս: «Սերգո Կարապետյանն ասաց՝ սենց կասես, մեկ է՝ վարույթը կարճվելու է: Միամտություն եմ արել, որ հավատացել եմ նրան»,- ասաց ամբաստանյալը:

Կարդացեք նաև

Գևորգ Հարությունյանի խոսքով՝ դրանից հետո՝ հաջորդ իսկ ցուցմունքում, ինքը հրաժարվել է իր տված առաջին ցուցմունքներից:

Ըստ ամբաստանյալի՝ ինքը վստահ է եղել, որ այդ քանակի վառելիքի ներմուծում կարող է իրականացնել միայն «Ֆլեշ» ընկերությունը, թեպետ նշեց՝ ինքը տեղյակ չէ, թե ընտրությունն ինչպես է իրականացվել:

«Հո միայն գնային առաջարկ ներկայացնելո՞վ չէ… Պիտի հասկանաս՝ կկարողանա՞ այդ կազմակերպությունը դա անել, թե՞, կներեք, բայց «կգցի ոտքին»,- ասել էր Գևորգ Հարությունյանը:

Այսօրվա դատական նիստը կարճ տևեց: Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանի՝ աշխատանքից ազատվելուց հետո նոր ներգրավված դատախազ Էդգար Արսենյանը ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 7-ին՝ ժամը 16:00-ին:

Հիշեցնենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել հին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 միլիոն 160 հազար ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Հատուկ քննչական ծառայության կարծիքով՝ Սերժ Սարգսյանը հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես պետական մարմնի վառելիքի մատակարար՝ ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:

Ըստ մեղադրանքի՝ արդյունքում` հիշյալ ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի փետրվարի 14-ից մինչև հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 12 մլն 88 հազար 334 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը  կազմել է 1 մլրդ 269 մլն 275 հազար ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846 մլն 183 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 423 մլն 91 հազար ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս