«Սերգո Կարապետյանն ասաց՝ սենց կասես, մեկ է՝ վարույթը կարճվելու է. միամտություն եմ արել, որ հավատացել եմ նրան». դիզվառելիքի շինծու գործով ամբաստանյալ Գևորգ Հարությունյան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը:
Այսօրվա դատական նիստին նույնպես ներկա էր Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր փաստաբանների հետ, նրա կուսակիցները և աջակիցները: Դատական նիստին ներկա էր նաև այս գործով մյուս մեղադրյալը՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:
Նախորդ դատական նիստին սկսվեց ամբաստանյալների հարցաքննությունը: Նախ Վահե Միսակյանը կարդաց գյուղնախարար Սերգո Կարապետյանի ցուցմունքները, ապա՝ Սևան Քոչարյան-Սերգո Կարապետյան առերեսման սղագրությունը:
Ըստ Սերգո Կարապետյանի ցուցմունքների՝ վերջինս կտրականապես հերքել է գործընթացին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը, ապա որոշ ժամանակ անց փոխել է ցուցմունքը, ասել, որ Նախագահն իրեն ցուցում է տվել, որ մրցույթում պետք է շահի «Ֆլեշ» ՍՊԸ-ն:
Ուշագրավ էր, որ երբ առերես հարցաքննության ժամանակ Սերգո Կարապետյանն ասել է, որ կատարել է Սերժ Սարգսյանի հանձնարարությունը, 3-րդ նախագահը արձագանքել է՝ եթե հանձնարարեի դիզվառելիքը Զանգուն թափել, թափելո՞ւ էիր…
Հաջորդիվ դատավոր Միսակյանն ընթերցեց մեղադրյալ Սամվել Գալստյանի ցուցմունքները:
Այսօրվա դատական նիստին նույնպես շարունակվեցին ամբաստանյալների հարցաքննությունները: Առաջինը հարցաքննվեց ամբաստանյալ, Գյուղատնտեսության նախարարության նախկին աշխատակից, վարչության պետ Գևորգ Հարությունյանը:
Ըստ նրա՝ նախկին գյուղնախարար, հանգուցյալ Սերգո Կարապետյանն է իրեն ուղղորդել նախաքննական ցուցմունքներ տալիս: «Սերգո Կարապետյանն ասաց՝ սենց կասես, մեկ է՝ վարույթը կարճվելու է: Միամտություն եմ արել, որ հավատացել եմ նրան»,- ասաց ամբաստանյալը:
Գևորգ Հարությունյանի խոսքով՝ դրանից հետո՝ հաջորդ իսկ ցուցմունքում, ինքը հրաժարվել է իր տված առաջին ցուցմունքներից:
Ըստ ամբաստանյալի՝ ինքը վստահ է եղել, որ այդ քանակի վառելիքի ներմուծում կարող է իրականացնել միայն «Ֆլեշ» ընկերությունը, թեպետ նշեց՝ ինքը տեղյակ չէ, թե ընտրությունն ինչպես է իրականացվել:
«Հո միայն գնային առաջարկ ներկայացնելո՞վ չէ… Պիտի հասկանաս՝ կկարողանա՞ այդ կազմակերպությունը դա անել, թե՞, կներեք, բայց «կգցի ոտքին»»,- ասաց Գևորգ Հարությունյանը:
Դատախազի, պաշտպանների ու դատավորի հարցերից հետո Դատարանն արձանագրեց, որ Գևորգ Հարությունյանի ցուցմունքներում կան էական հակասություններ: Որոշվեց հայտարարել ընդմիջում, որից հետո կհրապարակվեն ամբաստանյալ Գևորգ Հարությունյանի նախաքննական ցուցմունքները:
Ընդմիջումից հետո դատախազ Արսեն Մարտիրոսյանն ընթերցեց Գևորգ Հարությունյանի նախաքննական ցուցմունքները:
Վկայի հարցաքննությունն ավարտվեց: Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 8-ին՝ ժամը 14:00-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել հին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 միլիոն 160 հազար ՀՀ դրամի հափշտակության կատարումը:
Հատուկ քննչական ծառայության կարծիքով՝ Սերժ Սարգսյանը հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես պետական մարմնի վառելիքի մատակարար՝ ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:
Ըստ մեղադրանքի՝ արդյունքում` հիշյալ ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի փետրվարի 14-ից մինչև հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 12 մլն 88 հազար 334 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է 1 մլրդ 269 մլն 275 հազար ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846 մլն 183 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 423 մլն 91 հազար ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:
Մանրամասները՝ տեսանյութում: