Բաժիններ՝

«Գոյ» թատրոնը կառավարության որոշումը կբողոքարկի Վարչական դատարանում

2023թ. մայիսի 11-ին Կառավարությունը որոշեց «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացնել «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

«Գոյ» թատրոնի անձնակազմը համաձայն չէ այս որոշման հետ և այն բողոքարկում են ՀՀ Վարչական դատարանում: Բողոքը դատարան մուտքագրվել է հունիսի 7-ին:

Թատրոնից 168.am-ին հայտնեցին, որ բերվել են մի շարք հիմնավոր փաստեր, ինչի հիման վրա պետք է անվավեր համարել ՀՀ կառավարության 11 մայիսի 2023թ. 701-Ն Որոշումը։

«Դատարանը 15 օրվա մեջ պետք է որոշի՝ վարույթ վերցնո՞ւմ է, թե՞ ոչ: Ընդհանուր գործի հետ նաև միջնորդություն ենք ներկայացրել, որպեսզի կասեցվեն ընթացիկ գործերը»,- մեզ հետ զրույցում հայտնեցին «Գոյ» թատրոնից:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է թատրոնների և ԿԳՄՍ նախարարության կողմից ձևավորված հանձնաժողովներին, «Գոյ» թատրոնից տեղեկացրեցին, որ հանձնաժողովը գույքագրում է կատարում ընդամենը: Իսկ եթե գործը վարույթ ընդունվի, կկասեցվի նաև ընդունում-հանձնումը, և թատրոնը բնականոն կաշխատի, մինչև կայացվի ընդհանուր որոշում:

Հավելենք, որ կառավարության ընդունած որոշման հիմնավորման մեջ նշված է՝ համաձայն ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ թատերահամերգային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսված է միջոցառումների իրականացում, որոնք պետք է նպաստեն նշյալ կազմակերպությունների մասնագիտական ռեսուրսների կենտրոնացմանն ու կարողությունների զարգացմանը, խթանեն ֆինանսական միջոցների ավելացմանը: Բարեփոխումները ենթադրում են նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների օպտիմալացում:

Ներկայում «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ գործում են նույն ենթակառուցվածքային համակարգում (շինություն, կոմունալ հանգույցներ և այլն):

Փաստացի, առանց մասնագիտական և հանրային քննարկման, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին պատկանող շենքի տարբեր հարկերից տարբեր չափերի տարածքներ առանձնացվել են և տրվել «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Այս ամենին զուգահեռ՝ կադաստրային տարածքի և փաստացի զբաղեցրած տարածքների մեջ նույնպես առկա են տարբերություններ։ Այս ամենն առաջացնում է լոգիստիկ բազմաթիվ խնդիրներ։

«Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ողջ գոյության ընթացքում կոմունալ բոլոր ծախսերը հոգացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը։ Մոտավոր հաշվարկով՝ յուրաքանչյուր տարի՝ 3.5-4 միլիոն դրամ»,- նշված է հիմնավորման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս