Բաժիններ՝

Չունեմ որևէ ինֆորմացիա. Արմավիրի թիվ 1 դպրոցի տնօրենը՝ թիվ 4 ավագ դպրոցն իրենց դպրոցին միացնելու նախագծի մասին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախագիծ է ներկայացրել, համաձայն որի՝ ցանկանում են միացնել Արմավիրի հ. 4 և Ռ.Եղոյանի անվան հ.1 ավագ դպրոցները:

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր քաղաքում գործող Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության 2 ավագ դպրոցների՝ Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ և Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցների սովորողների աշակերտների թվի նվազման և ուսումնական տարածքների (շենքերի) օպտիմալ օգտագործմամբ:

Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցում 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում սովորողների թվաքանակը կազմել է 287 աշակերտ։ Շենքը նախագծային հզորությամբ նախատեսված է 1000 աշակերտի համար։ Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցում 2022-2023 ուսումնական տարում 287 աշակերտի համար կոմպլեկտավորվել է 10 դասարան՝ 4 հատ 10-րդ, 5 հատ 11-րդ և 1 հատ 12-րդ դասարան, ուսուցիչների թիվը 28 է։ Յոթ ուսուցչի շնորհվել է որակավորման առաջին աստիճանի տարակարգ, 18 ուսուցիչ հաջողությամբ մասնակցել է կամավոր ատեստավորման գործընթացին և 18-ն էլ ստանում են հավելավճար։

Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցում 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում սովորողների թվաքանակը կազմել է 244 աշակերտ։ Շենքը նախագծային հզորությամբ նախատեսված է 680 աշակերտի համար։ Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցում 2022-2023 ուսումնական տարում 243 աշակերտի համար կոմպլեկտավորվել է 12 դասարան՝ 5 հատ 10-րդ, 3 հատ 11-րդ և 4 հատ 12-րդ դասարան, ուսուցիչների թիվը 26 է։

Կարդացեք նաև

Երկու ուսուցչի շնորհվել է որակավորման առաջին աստիճանի տարակարգ։

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցը միացնել Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցն ունի առավել բարենպաստ շենքային պայմաններ, գտնվում է քաղաքի գրեթե կենտրոնական հատվածում, ունի ցանկապատված ընդարձակ տարածք, կանաչապատ հողատարածք, բացօթյա մարզահրապարակ, 2 մարզադահլիճ, 2 ապաստարան, և նախագծային հզորությունը (նախատեսված 1000 աշակերտի համար) լիովին կբավարարի 2 ավագ դպրոցների բոլոր աշակերտների ուսումնական գործընթացը բնականոն կերպով կազմակերպելու համար։

Լրացուցիչ տեղեկություն ստանալու և դպրոցների միավորման մասին տնօրենների կարծիքը պարզելու նպատակով փորձեցինք զրուցել նրանց հետ, Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Նունե Դոլինյանը հայտնեց, որ նախագծի մասին տեղյակ չէ:

«Միացման մասին չգիտեմ, բնականաբար, ոչ մի կարծիք հայտնել չեմ կարող, պաշտոնական ոչ մի թուղթ այդ առումով չեմ ստացել: Չեմ հրաժարվում հարցերին պատասխանել, բայց չունեմ որևէ ինֆորմացիա: Այս կարգի խոսակցություններ երկար տարիներ լսել ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցի տնօրենը:

Հետաքրքրվեցինք, թե ինչով է պայմանավորված աշակերտների քիչ թիվը, դպրոցի տնօրենը պատասխանեց. «Մեր դպրոցի օրինակով ասեմ՝ աշակերտներ բերում են: Եթե դուրս են գալիս, ապա գնում են արտերկիր: հազվադեպ տանում են քոլեջ»:

Արմավիրի համար 4 դպրոցի տնօրենի հետ, ցավոք, այսօր զրուցել չստացվեց, նրա կարծիքը կներկայացնենք ավելի ուշ, երբ հաջողվի նրա հետ զրուցել ու ստանալ թեմային առնչվող մի շարք հարցերի պատասխաններ:

Տեսանյութեր

Լրահոս