«Շուռնուխի մի մասը վերցրել են GPS-ով. Տները դեռ պատրաստ չեն՝ ժամկետները կրկին երկարացվել են». Շուռնուխի գյուղապետ

2020 թվականի դեկտեմբերից Նիկոլ Փաշինյանի հրամանով և Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ձեռամբ հայկական զորքերը հետ քաշվեցին Սյունիքի մարզի բարենպաստ դիրքերից, և այդ դիրքերում տեղավորվեցին Ադրբեջանի Զու ներկայացուցիչները։ Այս ամենի հետևանքով Շուռնուխն այսօր  բաժանված է երկու հատվածի, գյուղի մի հատվածը թշնամու հսկողության տակ է։ Արդյունքում՝ շուռնուխցիներից  շատերը կորցրեցին իրենց սեփական տունը՝ հայտնվելով դրսում։

Չնայած այս ամենից հետո Կառավարությունը հրապարակավ հայտարարեց, որ իրենց տները կորցրած բնակիչների համար տներ կկառուցվեն, բայց արդեն երրորդ տարին է՝ այդ տները պատրաստ չեն։

168.am հետ զրույցում Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն ասաց, որ ըստ պատկան մարմինների՝ հունիսին այդ տները պետք է պատրաստ լինեին, սակայն չհասցրեցին՝ ժամկետը կրկին երկարացվել է, քանի որ չեն հասցնի։

«Կարծում եմ՝ պատճառն աշխատուժ տեղափոխելն է, Շուռնուխում այդքան աշխատուժ չկա, Գորիսից են գալիս։ Դե, հասկանալի է, ճանապարհը շատ երկար է, եթե Տաթևով են գալիս՝ 75 կմ է, մինչև գալիս հասնում են Շուռնուխ, բանվորն արդեն կես մարդ է լինում։ Այնպես չէ, որ աշխատավարձ չեն տալիս, կամ այլ խնդիր կա, ուղղակի ամբողջ պրոբլեմը ճանապարհն է, թե չէ նույնիսկ ձմռանն են աշխատել, որ հասցնեն։ Մի երեք օր առաջ Քաղաքաշինության կոմիտեի նախագահն էր եկել Շուռնուխ՝ Ղուլարյան Արմենը, ինքս այնտեղ չեմ եղել, բայց ժողովրդին ասել է, որ շինարարը չի հասցնում, թեպետ մի երեք անգամ խոստացել են ժողովրդին ժամկետների մեջ հանձնել»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է  ընդհանուր իրավիճակին, Հակոբ Արշակյանն ասաց, որ որևէ փոփոխություն չկա՝ ստաբիլ նույն վիճակն է։ Ադրբեջանցիներն իրենց զբաղեցրած դիրքերում են, հայկական սահմանապահ զորքն էլ՝ իր տեղում։

«Ինքս հավատացնում եմ, որ այս վիճակին մենք չենք հարմարվել, ու ոչ էլ շուռնուխցին կհարմարվի ու կհամակերպվի այն մտքի հետ, որ ադրբեջանցիների հետ համատեղ ապրի։

Չգիտեմ՝ ադրբեջանցիները գյուղի օկուպացրած իրենց հատվածում ինչ կանեն, բայց ես հույս ունեմ, որ սահմանազատումն ու սահմանագծումը կանեն այն քարտեզներով, որտեղ Շուռնուխն ամբողջությամբ հայկական հսկողության տակ է։ Այդ մասին ռուս գեներալներից մեկն ասել էր, որ քարտեզները ՌԴ գենշտաբում են, և այդ քարտեզներով Շուռնուխն ամբողջական հայկական է։ Ես սրան հավատում եմ, որովհետև ադրբեջանցիները Շուռնուխի մի մասը վերցրել են GPS-ով»,- շեշտեց Հակոբ  Արշակյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե  ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախի Հանրապետությունը, Հակոբ Արշակյանը նկատեց.

«Ինքս դրան խիստ դեմ եմ, անկախ այն հանգամանքից՝ սովորական քաղաքացի՞ է ասում, թե՞ պաշտոնյա։ Չեմ էլ ուզում մի քիչ ավելի խորը մտածել, որ նման բան կարող է տեղի ունենալ։ Արցախն Ադրբեջանի կազմում՝ դա արդեն նշանակում է  Արցախի հայաթափում ու վերջնական կորուստ»։

Հիշեցնենք, որ 2020 թվականին Շուռնուխում 13 տուն է անցել Ադրբեջանի հսկողության տակ։

Տեսանյութեր

Լրահոս