Բաժիններ՝

«Ուժեղ Ուկրաինան Ռուսաստանի հետ իրական խաղաղության նախապայման է». Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունների համար նախապայման է ուժեղ Ուկրաինան, որը վերահսկում է իր սեփական տարածքը: Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը:

Բլինքենը նման հայտարարություն է արել Ֆինլանդիայում, որը վերջերս է դարձել ՆԱՏՕ-ի անդամ:

«Հենց այն պատճառով, որ մենք պատրանքներ չունենք Պուտինի նկրտումների վերաբերյալ, մենք կարծում ենք, որ բովանդակալից դիվանագիտության և իրական խաղաղության նախապայմանն ավելի ուժեղ Ուկրաինան է, որը կարող է զսպել և պաշտպանվել ապագա ցանկացած ագրեսիայից», – ասել է Բլինքենը:

Դիվանագետը հավելել է, որ «Ուկրաինայի ուժի մեջ ներդրումներ կատարելը ոչ թե ի հաշիվ դիվանագիտության է, այլ ճանապարհ է հարթում դրա համար»։

ԱՄՆ պետքարտուղարը նաև նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում ծավալած պատերազմի միջոցով «ոչ թե պառակտել է, այլ միավորել» Արևմուտքը:

Ավելի վաղ Բլինքենն այցելել էր Շվեդիա, որի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Թուրքիան դեռ չի հաստատել:

Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Կիևին զենք մատակարարելով՝ Արևմուտքը ներգրավվում է պատերազմի մեջ: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինային զենքի նոր մատակարարումները չեն ազդի ռազմական գործողությունների ընթացքի վրա, սակայն կհանգեցնեն հետագա պատասխան քայլերի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս