Հայաստան-Ադրբեջան բանակցությունների արևմտյան հարթակում 3 հանդիպում՝ Քիշնևից հետո
Քիշնևում նախօրեին տեղի ունեցած հնգակողմ հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ ինտենսիվ բանակցային գործընթացն արևմտյան հարթակում համաձայնեցված բազմամակարդակ հանդիպումներով առաջիկա ամիսներին շարունակվելու է։
Ըստ էության, դատելով բոլոր հայտարարություններից, որոնք հաջորդեցին այս հանդիպմանը, դեռ որևէ նոր պայմանավորվածություն, առաջընթաց չի արձանագրվել, և կողմերը քննարկումները շարունակել են՝ որպես մայիսի 14-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ պայմանավորվածությունների շարունակություն։
Այնուամենայնիվ ամենակարևոր հարցի՝ արցախահայության ապագայի, կամ, ինչպես ՀՀ իշխանություններն են պնդում, անվտանգության և իրավունքների հարցի ուղղությամբ որևէ առաջընթաց չի արձանագրվել։
Բացի Փաշինյան-Միշել-Ալիև-Մակրոն-Շոլց հանդիպումից, նախօրեին աշխատանքային ճաշի սեղանի շուրջ կայացել էր Միրզոյան-Բայրամով ոչ պաշտոնական հանդիպում։ Ի դեպ, ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ադրբեջանական մամուլը հնգակողմ այս հանդիպումը որակում է՝ որպես ոչ պաշտոնական, իսկ սպասվելիք եռակողմ հանդիպումը Բրյուսելում՝ պաշտոնական։
Հնգակողմ բանակցություններից հետո Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ազդարարել էր, որ հուլիսի 21-ին տեղի կունենա հաջորդ եռակողմ հանդիպումը` Բրյուսելում։
«Ուզում եմ` տեղյակ լինեք, որ մինչ այդ` հունիսի 12-ին, տեղի կունենա ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ձևաչափով հանդիպում` ԱՄՆ-ում: Վաղը (այսօր․- Ա․ Մ․ ) տարածաշրջանային կոմունիկացիաների հետ կապված եռակողմ աշխատանքային խմբի հանդիպում է նախատեսված Մոսկվայում»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։
Հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելն իր հերթին հայտարարել էր, որ այս հանդիպումը լավ նախապատրաստություն էր հաջորդ հանդիպման համար, որը տեղի կունենա Բրյուսելում հուլիսի 21-ին։
«Դա նշանակում է, որ մենք քրտնաջան աշխատում ենք, և մենք մտադիր ենք աջակցել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ բոլոր դրական ջանքերին։ Ես նաև հայտարարեցի, որ մտադիր եմ կրկին հրավիրել նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին, կանցլեր Շոլցին և նախագահ Մակրոնին՝ Իսպանիայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպման շրջանակում։ Դա նշանակում է, որ մենք ԵՄ կողմից կանենք ամեն ինչ, որպեսզի օգնենք, աջակցություն ցուցաբերենք, ավելի շատ առաջընթաց գրանցենք հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- նշել էր Միշելը։
Հանդիպման արդյունքներով Ելիսեյան պալատը ևս հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ կողմերը վերահաստատել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված հանձնառությունը սահմանների ճանաչման վերաբերյալ Ալմա Աթայի հռչակագրին:
«Նրանք վերահաստատել են, որ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Եվրոպացի առաջնորդները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ իրենց ստանձնած բոլոր պարտավորություններին, մասնավորապես՝ հնարավորինս կարճ ժամկետներում ազատ արձակել ռազմագերիներն: Նրանք նաև ընդգծել են Եվրամիության դիտորդական առաքելության կարևորությունը՝ ի նպաստ Հայաստանի։ Վերջում կողմերն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների ներդրման կարևորությունը»։
Հիշեցնենք նաև, որ Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովը կանցկացվի Իսպանիայում։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։ Նա պարզաբանել է, որ միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 5-ին Գրանադայում, այսինքն՝ ևս մեկ հնգակողմ հանդիպում, ամենայն հավանականությամբ, կանցկացվի Գրանադայում հոկտեմբերի 5-ին։ Այսինքն՝ առաջիկայում կա համաձայնեցված առնվազն երեք հանդիպում, որոնցից առաջինը հունիսի 12-ին ԱՄՆ-ում՝ Միրզոյան-Բայրամով ձևաչափով, հաջորդը Բրյուսելում հուլիսի 21-ին՝ Փաշինյան-Միշել-Ալիև ձևաչափով, և երրորդը հոկտեմբերի 5-ին Գրանադայում՝ հնգակողմ ձևաչափով։ Սա ամենևին չի նշանակում, որ նախարարների կամ ղեկավարների մակարդակով հանդիպումներ Մոսկվայում տեղի չեն ունենա այս ընթացքում, սակայն պետք է արձանագրել, որ նման հանդիպումների մասին այս պահի դրությամբ հայտնի չեն, ի տարբերություն արևմտյան հարթակի։