Դատավորի վարքագծի կանոնները Նաիրա Հովսեփյանին չե՞ն վերաբերում
Օրեր առաջ Աննա Հակոբյանի օգնականի՝ Լիլյա Բադալյանի որդու՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գոռի ծննդյան տարեդարձի առթիվ հավաքվել են Աննա Հակոբյանի աջակից որդեկորույս մայրերը: Լիլյա Բադալյանը, ի դեպ, նախկինում, ըստ տարածված տեղեկությունների, աշխատել է սպասարկման ոլորտում, և միայն պատերազմի՝ իր և բոլորիս համար ողբերգական ավարտից հետո է դարձել Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի օգնականը:
Եվ թեպետ Աննա Հակոբյանի շրջանակի ծնողները պայմանավորվածություն ունեն իրենց հավաքներից լուսանկարներ չհրապարակելու վերաբերյալ, դրանք, այնուամենայնիվ, տարածվում են:
Խնդիրը այդ ծնողների՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելը չէ. ի վերջո, չափահաս մարդիկ են, և որևէ մեկն իրավունք չունի նրանց ուղղորդել՝ ում հետ ժամանակ անցկացնել: Հատկապես որ, Աննա Հակոբյանը նրանցից ոմանց նաև լավ վարձատրվող աշխատանքով է ապահովում, և այս առումով Լիլյա Բադալյանը միակը չէ: Վերոբերյալ լուսանկարի կանանց մեջ էլի կան այդպիսիք:
Սակայն խնդիրն այն է, որ Աննա Հակոբյանի մասնակցությամբ հանդիպումների մշտական մասնակից է նաև 44-օրյա պատերազմի անմահ հերոս, Շուշիում նահատակված Գևորգ Արշակյանի մայրը՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Նաիրա Հովսեփյանը:
Նաիրա Հովսեփյանը ԲԴԽ անդամ է, օրենքով սահմանված պարտավորություններ ունի, այդ թվում՝ չպիտի ու չի կարող ընկալվել՝ որպես իշխանության բարձրագույն մարմինների ներկայացուցիչների հետ մտերիմ կապեր ունեցող անձ:
Բայց նա կարծես թե իրեն չի կաշկանդում դատավորի վարքագծի կանոններով: Դատական իշխանության բարձրագույն անկախ մարմնի ներկայացուցիչը պարբերաբար հրապարակային հանդիպումներ է ունենում քաղաքական իշխանության՝ բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձանց հետ, իսկ Աննա Հակոբյանի հետ մտերիմ ընկերական հարաբերութունները չի էլ թաքցնում:
Ամեն դեպքում արձանագրենք, որ եթե որևէ քաղաքական կամ կուսակցական գործչի որևէ հեռու ազգականի հետ հեռավոր կապ ունենար որևէ ոչ յուրային դատավոր, Արդարադատության նախարարության և անձամբ նախարար Գրիգոր Մինասյանի արձագանքը չէր ուշանա, դե, իսկ Կարեն Անդրեասյանի կոնսենսուսային ԲԴԽ-ն էլ կշտապեր շատ արագ դադարեցնել նրա լիազորությունները: Բայց դա, ինչպես հասկանում ենք, Նաիրա Հովսեփյանին չի սպառնում: